Բրիտանական առաջատար լրատվամիջոցների, ինչպիսիք են «The Guardian», «The Spectator» և «The Telegraph», ներկայացուցիչները իրենց Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը։ Նա ներկայացրել է հուշահամալիրի պատմությունը և անդրադարձել 20-րդ դարասկզբին Ադրբեջանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հայերի կոտորածներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության կապին։
Հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ անմար կրակի մոտ։ Ապա նրանք ծանոթացել են հուշապատի մոտ տեղադրված 19-20-րդ դարերի օտարազգի հասարակական և քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող սափորներին՝ լցված նրանց գերեզմաններից հավաքված հողով։ Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել լորդ Ջեյմս Բրայսի հայանպաստ գործունեության պատմությունը։