fbpx
Կրթություն

Բրյուսովում ներդրվելու է «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ծրագիրը

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը, արձագանքելով ժամանակի պահանջներին և թվային հումանիտար գիտությունների զարգացման միտումներին, նախատեսում է 2022-2023 թթ. ուսումնական տարում ներդնել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական կրթական ծրագիրը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հաշվողական լեզվաբանները ձևավորում են կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականությանը վերաբերող ծրագրերի մշակման գործընթացում: Շրջանավարտները կկարողանան աշխատել բնական լեզվի մշակմանը, մեքենայական թարգմանությանը և արհեստական բանականությանը վերաբերող ուղղություններում:

Նախարարության հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում գործընկերների ընդլայնման, համագործակցային ցանցերի ստեղծման նպատակով բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը և Արտաքին կապերի ու միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա Ծատուրյանը հունիսի 6-11-ը գործնական այցով եղել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում և հանդիպել Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ղեկավարության, Կիրառական ու մաթեմատիկական լեզվաբանության ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Տեղի է ունեցել առանձին հանդիպում Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Եկատերինա Ռախիլինայի, ԱՐԵՎԱԿ հայերենի կորպուսի համահեղինակ Վլադիմիր Պլունգյանի հետ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ հետազոտական ծրագրերի իրագործման, ասպիրանտական թեզերի համաղեկավարման, ԲՊՀ-ի դասախոսների վերապատրաստման, համատեղ արհեստանոցների ստեղծման ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ