«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո որոշ փոփոխությունների է ենթարկվել․ բուհերի ռեկտորներին կընտրեն կառավարման խորհուրդները, այլ ոչ լիազոր մարմինը՝ Կրթության նախարարությունը։ Այս մասին երեկ Ազգային ժողովում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը:
«Այլևս ընտրվում է ռեկտորը՝ խորհրդում և ընտրված ռեկտորը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից, ընտրվում է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում», – ասաց Դումանյանը։
Օրենքով չի ամրագրվելու նաև ռեկտորի թեկնածուների համար սահմանված պահանջները, դրանք կկարգավորեն բուհերը։
Նախագծում, սակայն, չի փոխվել բուհերի կառավարման խորհուրդների կազմի վերաբերյալ դրույթը։ Խորհրդների 9 անդամներից 5-ը կներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը։ Այս դրույթը դժգոհություն էր առաջացրել բուհերում, թե այդպիսով նվազում է նրանց ինքնավարությունը։
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած ու որևէ խմբակցույուն չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանի գնահատմամբ՝ այս համամասնությամբ բուհը կառավարության հարվածի տակ է լինելու ու դառնալու է քաղաքական քմահաճույքների կամակատար։
«Համ մի կողմից խոսում ենք բուհերի ակադեմիական ազատության, բուհերի ապաքաղաքականացման, բուհերի՝ քաղաքականությունից հեռու պահելու մասին, բայց մյուս կողմից, ըստ էության, քայլ է արվում, որ կառավարությունն ավելի շատ ձայն ունենա, ավելի շատ լսելի լինի բուհերում և, ըստ էության, թելադրի խաղի կանոններ», – ասաց Թովմասյանը։
Նախարար Դումանյանի վստահեցմամբ՝ այդ դրությը բուհի ընդունելի ղեկավար ունենալու համար է և այլ նպատակներ չի հետապնդում։ Նրա պնդմամբ, բուհի հիմնադիրը ձայների հարցում առավելություն պետք է ունենա։
«Սանկացած պարագայիում հիմնադիրի նպատակը պետք է լինի բուհի առաջընթացը, և ես հավատում եմ դրան՝ անկախ, որ իշխանությունը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հիմնադիրի անունից հանդես կգա, ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ նրանք պետք է հետևեն միևնույն նպատակին», – ասաց նախարարը։
Նախագիծը երեկ երկրորդ ընթերցմամբ մոտ մի քանի ժամ քննարկվեց խորհրդարանում։ Կրթության նախարարն առաջարկեց նախագիծը հետ ուղարկել՝ առաջարկների ընդունման փուլ։ Պատգամավորների մեծամասնությունը դեմ քվեարկեց նախագիծն ընդունելուն, ապա, մեկ այլ որոշմամբ, ուղարկեց գրավոր առաջարկների փուլ։
Աղբյուրը՝ Ազատություն ռադիոկայան: