«Բյուրեղավան համայնք» ֆեյսբուքյան էջը գրում է․
«Սպորտը նրա կյանքի բաղկացուցիչ մասն է, որով զբաղվում է մեկ տասնամյակից ավել:
Տղան, ում պիտի ներկայացնեմ՝ բյուրեղավանցի Ռուբեն Ազիզյանն է, ով իր այսօրվա հաջողությունների համար պարտական ու շնորհակալ է Բյուրեղավանի մարզադպրոցին և մարզիչ Հովիկ Անտոնյանին: Նախկին բռնցքամարտիկն այսօր արդեն զբաղվում է մարտ առանց կանոնների սպորտաձևով: Տեխնիկապես հարուստ մարզիկը գերում է ռուս մարզիչներին և նրան հրավիրում են սպորտային կարիերային շարունակել Մոսկվայի «Առյուծի սիրտ» սպորտհամալիրում:
Հայրենասեր երիտասարդը հիմա մարզվում է Մոսկվայում և ունի բազմաթիվ հաղթանակներ. «Պարտադիր իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ Հայաստանին ու երբ բարձրացնում եմ ու իմ ուսերին է հայոց եռագույնը, դրանք իմ կյանքի ամենաերջանիկ ակնթարթներն են»- ասում է Ռուբենը և շարունակում. «սիրում եմ սպորտը, այն մարձազևը, ինչով որ զբաղվում եմ: Իմ երազանքն է՝ ձեռք բերել մեծ ճանաչում, վերադառնալ հայրենիք ու իմ սիրելի քաղաքում՝ Բյուրեղավանում հիմնել երեխաների համար սպորտհամալիր, որտեղ նրանք կունենան զբաղմունք և կմարզվեն»:
3 տասնյակից ավել մարտեր է ունեցել մեր հերոսը, հիմնականում գրանցել է հաղթանակներ: Կարևոր ու շատ սպասված հաղթանակը բյուրեղավանցի Ռուբենը գրանցեց օրեր առաջ, երբ մարտի դուրս եկավ Ադրբեջանի ներկայացուցչի հետ և ունեցավ փայլուն հաղթանակ. «Աստված էի կանչում, որ հակառակորդս լինի ադրբեջանցի ու կրեմ նրան: Այդպես էլ եղավ, 14:03 միավորով գրանցեցի հաղթանակ: Սա իմ երկրորդ մենամարտն էր այդ ազգի ներկայացուցչի հետ: Մեծ դժվարությամբ, բայց առաջին մենամարտում ևս հաղթանակ եմ տարել»- ասում է Ռուբենը:
Իսկապես ոգևորիչ է ու մեծ պարծանք, երբ բարձունքներ են գրավում մեր մարզիկները, առավել ևս երբ ներկայացնում է մեր համայնքը: Տպավորիչ հաղթանակի համար շնորհավորում ենք մեր 17- ամյա չեմպիոնին, մաղթում նորանոր հաջողություններ, ուրախանում նրա ձեռքբերումներով: Մեզանից հեռու կարողանում է բարձր պահել մեր երկրի ու համայնքի պատիվը»։