Այս օրերին Բյուրեղավան համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են շինարարական աշխատանքներ, մասնավորապես համայնքային ճանապարհների մայթերի որոշ հատվածներում տեղադրվում են եզրաքարեր:
Աշխատանքների որակի հետ կապված՝ Բյուրեղավանի համայնքապետարանում քննարկում է տեղի ունեցել շինարարական կազմակերպության, տեխնիկական հսկողություն և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Տարբեր քննարկումների արդյունքում պարզվել է, որ մի քանի ճանապարհների մայթերի որոշ հատվածների եզրաքարերը կառուցվել են թերություններով՝ չպահպանելով ճանապարհների ուղղությունը:
Մարզի մի քանի համայնքներում ևս այս պահին ստուգվում է աշխատանքների որակը՝ որոշ դեպքերում չբացառելով նաև խիստ մեթոդների կիրառումը:
Նշենք, որ այս համատեքստում մարզպետը հաջորդ շաբաթ քննարկում է իրականացնելու մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, կառուցապատողների, տեխնիկական վերահսկողների հետ՝ նշված խնդիրները խորքային քննարկելու նպատակով:
Մարզպետը ընդգծել է իր և մարզպետարանի վճռականությունը՝ թույլ չտալու մարզի համայնքներում իրականացնել անորակ և ուշացած աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։