fbpx
Մշակույթ

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման ծես», «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը», «Մուսա լեռան տոնակատարությունը», «Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում», «Արքայանարնջի և թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում», «Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը» արժեքները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառված են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության աստիճանը բարձրացնելու գործընթացին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 15-ի 599-Ա որոշմամբ:

Նշյալ որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի համալրումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով: Նախագծի ընդունումը կարևորվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գույքագրման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանի Հանրապետության հայտերը ներկայացնելու հանգամանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ