Նիկոլ Փաշինյանի հակապետական ու հակազգային մի հայտարարության մասին Յանա Մանթաշևան այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը սովորական պետական հիմնարկ չէ ու այն վերկուսակցական և համազգային նշանակության կառույց է, որի գործունեությանը միջամտելը հավասարազոր է գիտական անկախության սպանդի։
Տնօրենին աշխատանքից հեռացնելը միայն այն պատճառով, որ նա Արցախի մասին գիրք է նվիրել բարձրաստիճան հյուրին, ուղիղ հարված է ակադեմիական ազատությանը։
Կներեք, իսկ Սահմանդրական ո՞ր կետն է խախտվել այս քայլով, և արդյո՞ք Արցախի մասին խոսելն այլևս հանցագործություն է համարվում։ Ինստիտուտի տնօրենը գիտնական է, այլ ոչ թե քաղաքական կամակատար, և նրան գործից հանելը նշանակում է գիտական փաստերը փոխարինել իշխանահաճո թեզերով։ Երբ Նիկոլը հայտարարում է, թե նման քայլերը հակասում են արտաքին քաղաքականությանը, դա փաստացի նշանակում է, որ պետական մակարդակով փորձ է արվում ջնջել Արցախի մասին ցանկացած հիշատակում, և այն ներկայացվում է որպես հանցագործություն, որը ենթակա է պատժվելու։
Ի դեպ, ինստիտուտը հիմնադրամ է և ունի հոգաբարձուների խորհուրդ. վարչապետի կամ նախարարի միանձնյա կամքը չի կարող օրենքից վեր դասվել, քանի որ դա արդեն բռնապետական գործելաոճ է։
Ցեղասպանության ինստիտուտի ցանկացած թուլացում ուղղակի նվեր է թուրքական ժխտողական քաղաքականությանը և ազդակ աշխարհին, որ Հայաստանը պատրաստ է սակարկել սեփական պատմությունը։ Այս կառույցը որևէ մեկի սեփական «դուքանը» չէ, որտեղ կարելի է առաջնորդվել անձնական քմահաճույքներով։

