«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան ներողություն է խնդրել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիից անգլիական լիգայի Գավաթի եզրափակչում դաշտը հրաժարվել լքելու համար:
Իտալացի մասնագետը 11-մետրանոցներից առաջ ցանկանում էր Կեպային փոխարինել ու դաշտ դուրս բերել Վիլի Կաբալյերոյին, բայց 24-ամյա իսպանացին հրաժարվեց փոխարինվել.
«Ես շատ ուրախ էի «Չելսիի» կազմում անցկացրել առաջին գավաթային եզրափակիչս ու հպարտ եմ իմ թիմի ցուցադրած խաղով:
Ներողություն եմ խնդրում, նաև անձամբ ներողություն եմ խնդրում մարզչից, Վիլիից, թիմակիցներիցս և ակումբից: Բացի դա, ես ներողություն եմ խնդրում երկրպագուներից: Դաս կքաղեմ այս պատմությունից և կընդունեմ ցանկացած պատիժ, որն ակումբը ճիշտ կհամարի»,- Կեպայի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը:
«Չելսին» շաբաթվա աշխատավարձով տուգանել է Կեպային: Ոչ հաստատված տվյալների համաձայն դարպասապահը «Չելսիում» շաբաթական 195 հազար ֆունտ է վաստակում (մոտ 225 հազար եվրո):
Հաղորդում է armsport.am-ը։

