2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 19 մեքենա՝ նախորդ տարվա համեմատ 125 հազարով ավելի: 2018-ին ներկրվել էր 64 հազար մեքենա: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, 2019-ի արդյունքների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Ավտոմեքենաների ներկրման հետ կապված գանձումները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ դրամով ավելի՝ նախորդ տարվա համեմատ»,-ասաց նա։
Անանյանը նաև անդրադարձավ ընդդիմախոսների այն հայտարարություններին, թե 2019-ի ավտոմեքենաների աննախադեպ ներհոսք չենք ունենալու 2020-ի ընթացքում, և թե ինչ են պատրաստվում կատարել բյուջետային մուտքերի գծով ծրագրավորված ցուցանիշներն ապահովելու համար:
«Մենք, նախկին պարտքերը մարելու ճանապարհով գնալով, 170 մլդր դրամ վերադարձնելով հարկատուներին, չեզոքացրել ենք ժամանակավոր էֆեկտ ունեցող եկամուտների ազդեցությունը հաջորդ տարիների նկատմամբ»,-ընդգծեց Դավիթ Անանյանը: