fbpx
Կառավարություն

Վարչապետը ՊԵԿ ավտոմաքսատանն է․ նա քաղաքացու հետ անցել է մաքսազերծման ճանապարհը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՊԵԿ ավտոմաքսատանը ծանոթանում է այնտեղի աշխատանքային պայմաններին ու մաքսային ծառայություններին դիմած անձանց սպասարկմանը։ Սպասասրահում Փաշինյանը հանդիպեց քաղաքացիների, որոնք ասացին, որ իրենց մեքենան մաքսատան տարածք են բերել այլ ճանապարհով, քանի որ իր՝ վարչապետի այցի կապակցությամբ մյուս ճամփան փակ էր։

Վարչապետը տարակուսեց այս խոսքի վրա, ու ՊԵԿ նախագահին ասաց, որ ուրեմն ինչ-որ բան ճիշտ չէ արվում։ Հետո պարզվեց, որ մեքենան 2-3 օր առաջ է հասել, ու միայն այսօր են քաղաքացիները կարողանում մաքսազերծել այն։ ՊԵԿ նախագահը պարզաբանեց, որ կոնկրետ այդ դեպքում մեքենան եկել է կոնտեյներով, իսկ այդպես ՊԵԿ մաքսատնով օրական 300 մեքենա է անցնում, չեն հասցնում։

Ավելի ուշ պարզվեց, որ կոնտեյներով մեքենայի գալուց հետո այն հանվել է կոնտեյներից, պահվել է մաքսատանը, քաղաքացին երեկ երեկոյան այնտեղ է եղել, տեսել է մեքենան, և այսօր եկել է մաքսազերծելու։

Մեկ այլ քաղաքացու դեպքում պարզվեց, որ մեքենան երեկ բերել, կանգնեցրել է մաքսատանը, հերթագրվել է, որ այսօր գա, մաքսազերծի։ ՊԵԿ նախագահն ասաց, որ եթե մեքենան հասնում է կեսօրից հետո, ապա հավանական է, որ այդ օրը հերթագրվի, բայց մյուս օրը կմաքսազերծվի, քանի որ հերթագրման պիկ է։ Քաղաքացին էլ արձագանքեց՝ հիմա լավ է, այսպես նորմալ է։

«Սովորություն է։ Որտեղ բարձրաստիճան պաշտոնյա եք տեսնում, ասում եք՝ ամեն ինչ լավ ա, տոչնի ա։ Երեք օր է՝ մեքենան եկել է մաքսազերծման, ինչի՞ չեք բողոքում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը որոշեց այնտեղ սպասող քաղաքացիներից մեկի հետ անցնել այն ամբողջ ճանապարհը, որը պետք է մեքենան մաքսազերծելու համար։ Սկզբում նրանք մոտեցան պատուհանին, որտեղ մեքենայի «ինվոյսի» հիման վրա հաշվարկվում է մաքսային տուրքը։

ՊԵԿ նախագահն ընթացքում բացատրում էր այն ընթացակարգերը, որոնցով կատարվում են հաշվարկները, ու ներկայացնում, որ ծրագրային ապահովումն է հաշվարկում, թե ինչքան պետք է տուրք վճարել ամեն մեքենայի համար։ Քաղաքացին նշեց, որ գոհ է մաքսազերծման այդ վճարումից։ Վարչապետը հարցրեց՝ հենց այդքա՞ն էին իրենք նախատեսել վճարել։

«Վահրամ, ո՞ւր ես, Վահրամ»,- քաղաքացին կանչեց իր ուղեկցին։ Նրա կանչին միացավ նաև վարչապետն ու արդեն երկու անձանց հետ շարունակեց մաքսազերծման ընթացքը։ Այնուհետև նրանք միասին գնացին մաքսազերծման գումարները վճարելու։

Վերջում վարչապետը արձանագրեց՝ ամբողջ ընթացքը տևեց 20 րոպե։

«Եթե բոլորի հետ վարչապետը ման գա, հաստատ 20 րոպեում կհասցնեն»,- ասաց քաղաքացին՝ վարչապետի ու ՊԵԿ նախագահի հետ ընթացակարգն անցնելու մասին խոսելիս։

«Դա հիմա դրա համար ենք անում, որ ստանդարտ սահմանենք և հայտարարենք, թե էստեղ մեքենայի մաքսազերծման ստանդարտը որն է։ Հիմա սահմանում ենք 20 րոպե»,- պատասխանեց վարչապետը։

«Էդ էլ հաշվենք, որ Դուք փաստաթղթային խնդիր չունեիք, էդ էլ կապ ունի»,- քաղաքացու ասածին արձագանքեց ՊԵԿ նախագահը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ