fbpx
Քաղաքականություն

Երևանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից Ադրբեջանի հետ սահմանին. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության տեղակայումից: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«ՀԱՊԿ դիտորդներից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի տարածաշրջան կատարած այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր լրամշակել փաստաթուղթը։ Փաստաթուղթն այժմ լրամշակման փուլում է»,- նշել է դեսպանը։

Հարությունյանը նաև հերքել է որոշ հայտարարություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախապատրաստում է երկիրը դուրս բերել ՀԱՊԿ-ից։

«Նման մոտեցումները կամ կարծիքները չեն համապատասխանում իրականությանը այն առումով, որ պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ստորագրված պայմանագրերով, իսկ դրանք ստորագրվել են դեռևս 90-ական թվականներին: Դուք շատ լավ գիտեք, որ մեր ղեկավարների միջև տասնյակ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են եղել։ Մեր վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք անգամ լինել չի կարող, դա չի համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը՝ մենք ունենք փոխհարաբերությունների խորացում, և այս անկայուն ժամանակահատվածում մեր հարաբերություններն ավելի են խորանում ու խորանալու են։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ Հայաստանը ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և տարածաշրջանային մյուս բոլոր կազմակերպությունների անդամ է, որտեղ ներկա է նաև Ռուսաստանը։ Այդ պատճառով այս ամենը կարելի է ընկալել որպես մարդկանց հայտարարություններ, որոնք չեն հասկանում մեր փոխհարաբերությունները»,- հավելել է Վաղարշակ Հարությունյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ