fbpx
Քաղաքականություն

Չի կարող սոված ժողովուրդն իր արյան ծարավը հագեցնել․ Վանո Սիրադեղյան

Ստորև ներկայացնում ենք Առովոտի հարցազրույցը Վանոս Սիրադեղյանի հետ, որը արվել է 1999 թվականի հոկտեմբերի 19-ին։

-Հայաստան վերադառնալուց հետո գերազանցապես նախընտրում եք լռել։ Իսկ հազվադեպ հրապարակային ելույթներում խուսափում եք Ձեզ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ պարզաբանումներից։ Չե՞ք կարծում, այնուամենայնիվ, որ Ձեզնից առաջին հերթին հենց այդ հարցերի վերաբերյալ պատասխաններ են սպասում։

– Այդ հարցերի մասին պետական, ոչ պետական, կուսակցական մամուլն այնքան է խոսել, որ իմ խոսելն անիմաստ եմ համարում։ Քանի որ նախ ուժերն են անհավասար՝ մի կողմից երկրի հասարակական կարծիքը ձեւավորող ողջ մամուլ եւ մյուս կողմից՝ մի անհատ, որ պիտի ընդդիմախո՞ս հանդիսանա։ Բացի այդ՝ քննություն է ընթանում, սա դատարանի քննարկելիք հարց է՝ մամուլի գործ չէ։ Այն, ինչ արվում է՝ իրավական երկրի անելիք չի։ Այդ հարցերի մասին չեմ խոսում նաեւ, քանի որ այստեղ, ըստ էության, բովանդակություն չկա էլ։

Բովանդակությունը հասարակության զուտ հոգեբանական շերտերում է գտնվում։ Իսկ Հայաստանից գնալս… Հիստերիայի մթնոլորտում, ասել եմ, կարող էր իմ կյանքին վտանգ սպառնալ։ Բացի այդ՝ նաեւ մտածում էի, որ ժամանակի ընթացքում կհանդարտվի ինչ-որ բան։ Կարծում եմ, թե այդ լարումը հանդարտվել, քիչ թե շատ անցել է։ Բայց սպասում էի, որ հասարակության համար սթափության պահը կգա, երբ հասկանան, որ կուտը կերել են։

Մի ամբողջ հանրապետության լրագրողները, թերթերը, հեռուստատեսությունը, ռադիոն՝ փաստորեն մի ամբողջ ժողովուրդ տարիուկես զբաղված է աբսուրդով, մազոխիզմով։ Ամեն օր, օրնիբուն՝ ով ինչ ցուցմունք տվեց, քանի մարդ է վկա, ով ցուցմունքից հրաժարվեց։ Այնինչ Հայաստանը դատարկվում է այդ տարիուկեսվա ընթացքում, Ղարաբաղը դատարկվում է։ Դուրս եկեք Երեւանից՝ արտերում արդեն կակաչ է աճում։ Շատ սիրուն է երեխեքի համար, բայց դա նրանից է, որ քիմիկատներ չկան եւ էլ չեն կարող հացը պաշտպանել։ Ամայանում է երկիրը, իսկ մի ամբողջ ժողովուրդ՝ իր ոչ անտարբեր մասով, աբսուրդի այդ թատրոնում է իրոք։

– Լրագրության մեջ չեմ սիրում «բա դո՞ւ ով ես» կարգի հարցադրումները, բայց արտագաղթի մասին այնուամենայնիվ իրավունք պիտի ունենան խոսել այն գործիչները, ում իշխանության օրոք Հայաստանը առնվազն նույն տեմպերով չի դատարկվել։

– Ոչ ոք չի կարող դա ուրանալ։ Երկիրը, որ մի մեծ հովանավոր ուներ՝ Ռուսաստանի պես, որը ձրի գազ, նավթ, հանքային պարարտանյութեր, հաց էր տալիս՝ այդ երկրում կարող էր 3,5, 4,5 մլն մարդ ապրել։ Ես դեռ պատերազմի փաստին չեմ անդրադառնում։ Բայց երբ Խորհրդային Միության քայքայումից հետո երկիրը մնաց իր ռեսուրսների հաշվին, բնականաբար, ժողովրդի մի մասը գնաց Հայաստանից։ Պատերազմն ու շրջափակումն էլ դեռ իրենց թիվը գումարեցին արտագաղթին։ Դեռ 1992-ին, թե 1993-ին Փարիզի հայկական թերթերից մեկում ասել եմ, որ երկիրը կարող է պահել այնքան մարդ, ինչքան կարող է պահել։ Սրբապղծության նման է հնչում, բայց արտագաղթը փրկեց Հայաստանը, եւ ապահովեց ե՛ւ ներքին անվտանգությունը՝ հնարավոր սովից, ե՛ւ տնտեսական անվտանգությունը, քանի որ գնացողները մեծ մասամբ պահում էին Հայաստանում մնացողներին։ Եվ ինչ թվեր էլ ասեն հին, նախկին կառավարությունները արտադրության աճի մասին, եւ թեկուզ ժամանակ առ ժամանակ աշխուժանում էր առեւտուրը, բայց Հայաստանը պահվեց, պահպանվեց հիմնականում գնացողների ուղարկած գումարներով եւ մարդասիրական օգնությամբ։

– Ձեր ընդդիմախոսները պնդում են, թե Վանո Սիրադեղյանին դատապարտելը հասարակական պահանջ է, ժողովրդի ցանկությունը։ «Մի նախարար պատժեք՝ ժողովրդի սիրտը հովանա»,- ասում էր Հրանտ Խաչատրյանը։ Մարդկանց հետ շփվելիս այդ վերաբերմունքն իրոք զգո՞ւմ եք։

– Դժվար ժամանակներում հասարակությունը միշտ էլ ինչ-որ քավության նոխազներ, իրոք, պահանջում է։ Չեմ կարծում, թե հատկապես իմ հանդեպ այդպիսի վերաբերմունք կա՝ ես չեմ տեսնում։ Բայց ցանկացած նախարարի, վարչապետի եթե նստացնեն՝ իրոք, այդ ասածի մեջ ինչ-որ իմաստ կա՝ կթեթեւանան մի ամսով։ Բայց ամբողջ վտանգավորությունն այն է, որ երբ կյանքը չի լավանում՝ անընդհատ զոհեր են ուզելու։ Չի կարող սոված ժողովուրդն իր արյան ծարավը հագեցնել։ Չի՛ կարող։ Դա շարունակական ընթացք կլինի՝ ներառելով այսօրվա իշխողներին վաղը-մյուս օրը։

– Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի՝ մամուլում հրապարակված ցուցմունքներից մի հետաքրքրական դրվագ խնդրել էի մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նույնը նաեւ Ձեզ եմ առաջարկելու։ Վահան Հարությունյանը հայտնել էր, թե հետագայում սպանված Արթուր Հովհաննիսյանը 30 հազար դոլար էր նախապես ստացել Սերժ Ջիլավյանից Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի եւ Հայաստանի այլ ղեկավարների դեմ ահաբեկչություն կազմակերպելու համար։ Եվ հետագայում դարձյալ սպանված Կարեն Ռաֆայելյանը նույնպես մասնակից էր։ Վահան Հարությունյանի այս եւ այլ ցուցմունքների մեջ որքա՞ն է իրականությունը։

– Չկա այդտեղ իրականություն։ Դա լեգենդ է՝ սարքած, որի հիմնական նպատակն այն է, որ այն մարդիկ, որոնք առաջին հերթին՝ իրենք իրենց եւ հետո՝ բոլորի դեմ կեղծ ցուցմունքներ են տվել՝ իրենք իրենց եւ ուրիշներին ներշնչեն, իբր իրենք երկրի անվտանգության համար ինչ-որ բան են արել եւ բանտում հանգիստ մնան՝ սպասեն շուտափույթ ազատման։ Չկա՛ այդպիսի բան եւ արխայինությունը շատ վտանգավոր է այդ տղերքի համար։ – Հայաստանից հեռանալուց առաջ հայտարարել էիք, թե չեք ցանկանում քավության նոխազ դառնալ։ Սա հետո ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց եւ հիմնականն այն էր, թե չեք ցանկանում իշխանավորների ավելի մեծ մի խմբի փոխարեն պատասխանատվություն կրել։ Իրոք ասելիքն ա՞յդ էր։

– Ավելի շատ փիլիսոփայական միտք էր։ Այս երկրում վերջին 10 տարիների՝ պատերազմների, զոհերի եւ զրկանքների համար կուսակցությունները, մեր չկամները (ոչ միայն նախկին իշխանության, այլեւ երկրի) ինչ-որ անառողջ մթնոլորտ, թշնամանք պիտի սարքեն, չէ՞։ Հարյուր պետությունով ենք շրջապատված, հազար թշնամի ունենք, եւ, կարծում եմ, հիմնականում նրանց դրդումներն են այս բոլոր գործընթացները։ Ընդհանուր միտք էր, որ միշտ էլ ամենասոված ժամանակ քավության նոխազներ են ման գալիս եւ ուզում են ինչ-որ թույլ տեղ գտնել։ Հեշտ է գտնել մարդկանց՝ ինձ նման, որոնց գործունեությունը կապված է եղել հանցավոր աշխարհի եւ օրինականության պահպանման հետ։ Եվ, բնականաբար, լարում է եղել այդ կառույցի ղեկավարի հանդեպ։

– Անընդհատ Ձեր դեմ հարուցված մեղադրանքները եւ անգամ դատավարության ելքը կապում եք տարածաշրջանային եւ երկրաքաղաքական իրողությունների հետ։ Անկեղծ ասած, հասկանալի չէ, թե այս ամենն ի՞նչ կապ ունի արտաքին գործոնների հետ։

– Ե՛ս չեմ դատավարության ելքը դրանցով պայմանավորել, այլ հազար ու մի մարդ՝ սկսած պատգամավորներից, վերջացրած լրագրողներով։ Եթե նման բան եմ ասել, զուտ այն իմաստով, որ Հայաստանում ավելի վատ կացության դեպքում, երբ իշխանությունն անելանելի վիճակում լինի կամ ներիշխանական խոշոր գզվռտոց սկսվի՝ այդ ժամանակ դժվար թե լավ ելք լինի։ Բայց տարածաշրջանում եւ Հայաստանում քաղաքական բնականոն քիչ թե շատ հանդարտ կացության դեպքում, ինձ թվում է, դատարանը արդար որոշում կկայացնի։

– Որքան էլ չեք ցանկանում գործի հանգամանքների մասին խոսել՝ պիտի խնդրեմ մի խնդիր պարզաբանել՝ Կիմ Բալայանի նկատմամբ հսկողություն սահմանելու անհրաժեշտությունը։

– ՆԳՆ-ն ուներ եւ հիմա էլ ունի անլուր հետեւման ծառայություն՝ 7-րդ վարչությունը, որը քրեական բաժինների, վարչությունների պատվերն է կատարում եւ հետեւում մարդկանց, ում կասկածում են հանցանքի մեջ։ Եվ այդ մարդկանց հետ հանցագործությունների բացահայտման ընթացքում շփվող շրջանակներին նույնպես հետեւում, նկարում ու ձայնագրում են։ Դա արվում էր օրենքի սահմաններում։ Այստեղ անունները կարեւոր չեն։

– Ձեր եւս մի հայտարարության չակերտները պիտի խնդրեմ բացել։ Գրեթե ամեն ինչ բնականոն գնահատելով՝ վերապահում էիք արել մի քանի ընկերների վերաբերմունքի համար։ Ո՞ւմ մասին է խոսքը։

– Պարզապես գեղեցիկ ձեւակերպում էր՝ «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսի վերափոխումը։ Իմաստ կա, բայց այն թողնենք ժամանակի դատին։

– ՀՀՇ վարչության ղեկավարը տեւական ժամանակ է, ինչ դիրքորոշումներ չի հայտնել ներքաղաքական իրողությունների վերաբերյալ։ Ասենք, որեւէ կերպ չեք անդրադառնում Քոչարյանի եւ Ալիեւի հաճախակի դարձած հանդիպումների շնորհիվ ստեղծված տպավորությանը, թե Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը մոտ է։

– Մենք մեր տեսակետը հայտնել եւ փաստորեն հեռացել ենք իշխանությունից։ Ամեն մի հանդիպմանն ու պատվիրակության այցին արձագանքելն այն կուսակցությունների գործն է, որոնք այս տարիների ընթացքում հստակ դիրքորոշում չեն արտահայտել այս հարցի վերաբերյալ, բացի «Ղարաբաղը մերն է» ընդհանուր կարգախոսից։ Մեր տեսակետը հայտնել ենք, քաղաքականապես ակտիվ ժողովրդի եւ կուսակցությունների մեծ մասը դեմ է եղել, եւ մենք հեռացել ենք։ Չնայած ես հիմա տեսնում եմ, որ երեւի չարժեր, մեր իշխանության սխալն էր, որ ժողովրդին փորձեց մասնակից դարձնել այդ բանակցությունների մթնոլորտին։ Դե, հիմա երեւում է, որ կարծես ազգային մի համաձայնություն կա՝ արդեն տարիուկես ոչ ոք չի խոսում Ղարաբաղի մասին՝ ստեպ-ստեպ ընդհանուր կարգախոսներից բացի։ Երեւի հոգնել են։ Երեւի ժողովրդի քաղաքականապես ակտիվ մասը Հայաստանից գնացել է։ Եվ երեւի թե չարժեր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն աշխատեր ժամանակից շուտ քաղաքական հասարակարգ կառուցել՝ ԱԺՄ-ին ու Պարույրին ընդդիմության դիրքում պահեր։ Բանից պարզվում է, որ նրանք չեն ուզում ընդդիմության դիրքում լինել՝ ուզում են մի երկու աշխատատեղ ունենալ եւ հանգիստ սպասել իրադարձությունների ընթացքին։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ