Ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք չի տրամադրվում․ ՀՀ արդարադատության նախարարություն

Ամենադիտվածներ

ՀՀ արդարադատության նախարարությունն՝ անդրադառնալով Armlur.am կայքում հրապարակված հոդվածին նշել է, որ ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք տրամադրելու վերաբերյալ հայտարարության առնչությամբ հարկ է պարզապես փաստել, որ նշված ստորաբաժանումում ժամկետանց դեղորայք առկա չէ:

«Այդ մասին են վկայում նաև ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության անձնակազմի ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման շրջանակներում 21.12.2021-23.12.21թթ. իրականացված ուսումնասիրությունները, որով ևս պարզվել է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանումում ժամկետանց դեղորայք առկա չէ:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման շրջանառության ներքո է մոտ 503 դեղանուն, որոնց քանակական տրամադրումը ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է ըստ սպառման անհրաժեշտության՝ առանց սահմանափակումների: Այդ իսկ պատճառով, ազատազրկվածի հարազատի կողմից դեղորայք չի ընդունվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ազատազրկվածին ցուցված դեղամիջոցը տվյալ պահին առկա չէ ստորաբաժանման դեղատանը: Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձին ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող դեղամիջոցներին, այն իրականացվում է բացառապես բժշկական ցուցման առկայության դեպքում։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ազատազրկված անձանց բժշկական օգնություն է ցուցաբերում 24/7 ռեժիմով:

Վերջին երկու ամիսների ընթացքում «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմը համալրվել է նոր աշխատակիցներով և բուժօգնությունը դարձել է առավել հասանելի՝ յուրաքանչյուր մասնաշենքում մեկ բժիշկ և մեկ բուժքույր /նախկինում ստորաբաժանման 6 մասնաշենքերը սպասարկվել են 2 բժշկի և հերթափոխային մեկ բուժքրոջ կողմից/: «Արմավիր» ստորաբաժանումը համալրվել է նաև գիշերային հերթափոխ իրականացնող բուժանձնակազմը: Հ.Հունանյանը գտնվում է բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ