Երևանում տեղի ունեցած «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովը կարևորեց երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունը և իրացումը: Այդ միջոցառումն իրականացվեց մի ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ արտակարգ իրավիճակներում երեխաների կրթության հասանելիությունն ու որակը հաճախ վտանգվում են, ինչի պատճառով նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում այս հարցերին: Արցախից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումն առաջին իսկ օրվանից նախարարության տեսադաշտում է եղել։ Միջազգային գործընկերների աջակցությամբ հնարավոր է դարձել ապահովել կրթության շարունակականությունը և կանխարգելել պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև երեխաների ներգրավվածությունը կրթական գործընթացներում և նրանց պաշտպանության համակարգի կատարելագործման հարցերը: Արաքսիա Սվաջյանը կարևորեց երեխաների մասնակցությունը նման միջոցառումներին՝ նշելով, որ որակյալ կրթություն հնարավոր է իրականացնել միայն ապահով և անվտանգ միջավայրում: Նա նաև ընդգծեց, որ պետությունը շարունակում է աջակցել Արցախից տեղահանված ուսանողներին՝ ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի միջոցով: Համաժողովի նպատակն էր գնահատել իրականացված ծրագրերի արդյունքները և մշակել նոր մոտեցումներ երեխաների պաշտպանության ոլորտում:

