Մինչ Կառավարության նիստի մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկու խնդիրների մասին:
Հարցերից մեկը ավտոգազալցման կայաններում գազի թանկացումն է: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է, թե ինչով է պայմանավորված այս թանկացումը.
«Որպես այդպիսին գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ամսական, միջին հաշվարկներով, գազի խտությունը եղել է 7.1, վերջին օրերին «Հայռուսգազարդից» գազի միջին խտությունը գալիս է 7.9 -ով աճել է, հետևաբար տնտեսվարողները ծրագրային փոփոխություններ չեն արել, հետևաբար սպառողները ստիպված են եղել ավելի գումար վճարել, որի համար մեր մարմինը բոլոր տնտեսավորողներին տեղեկացրել է, որ ամեն օր փոփոխություն կատարեն դիսպենսերներում և ճիշտ խտություն տեղադրեն»:
Նա նաև նշել է, որ ԱԳԼՃԿ-ներն ամեն օր պետք է գազի խտությունը համապատասխանեցնեն «Գազպրոմ Արմենիայի» տվյալների հետ: Կառավարությունը որոշում էր ընդունել, որ գազի վաճառքն իրականացվի կգ-ներով, բայց այն դեռ ԱԺ-ն չի ընդունել, հետևաբար մինչ այդ պետք է շարունակեն խտությամբ վաճառել: ԱԳԼՃԿ-ների տերերի հետ զրուցել են և խնդրել, որ ամեն օր գազի խտություն ներմուծեն ծրագրի մեջ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն ավել վճարել:
«Դա որակում ենք որպես միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում»,- ասաց Կոտոլյանը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՊԵԿ նախագահից, թե հնարավո՞ր է, որ սա ստվերի դեմ իրենց պայքարի հետևանք կարող է լինել, որի արդյունքում տնտեսվարողները փորձում են դժգոհություն արտահայտել:
«Տեսականորեն հնարավոր է, որովհետև գազալցակայանների աշխատարակները հնարավորություն ունեն և´ կիլոգրամներով, և´ մետր խորանարդներով խտություն ապահովեն, որի ցուցմունքը ամեն օր մարդկային գործոնով է պայմանավորված, ամեն օր մուտք է արվում խտության գործակից, որը տասնորդականների փոփոխության պարագայում կարող է ապահովեր ծավալների փոփոխություն»:
Այս տեղեկություններին հաջորդեց Փաշինյանը կոչն ու հորդորը: Նա հայտարարեց.
«Երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, որ կառավարության գործողության արդյունքում գազի գինը փոխվել է: Մանիպուլյատիվ տեղեկություն կար, որ կառավարության ընդունած օրենքի հետ է կապված: Նախ` դա դեռ չի քննարկվել ԱԺ-ում, երկրորդն էլ չի կարող գնի փոփոխության բերել, այստեղ ուրիշ խնդիր կա: Ոմանք ուզում են մանիպուլյացիա անել, և մեր վերաբերմունքը պետք է լինի կոշտ: Որոշ նախկին օլիգարխներ, ովքեր մտածում են, որ այս իրավիճակում կարող են մանիպուլյացիաներ անել, սխալվում են, որևէ մեկը թող մեր բարեկրթությունը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանա անձնապես, բոլորը առանց բացառության, որևէ մեկը թող չտրվի գայթակղության ժողովրդի վստահություն վայելող կառավարության հակահարվածի ուժը իր ծնոտին զգալու: Շուկայի վերահսկողության տեսչությունն ու ՊԵԿ-ը, մյուս մարմինները շատ արագ արձագանքում են և շատ խիստ պատժի կենթարկեն այն տնտեսվարողներին, ովքեր փորձում են մանիպուլյացիա անել, մենք կոմպրոմիս չունենք ստվերի դեմ պայքարում: Չլինի´ գազալցակայան, որ ՀԴՄ չխփի, եթե պիտի սնանկանան, թող սնանկանան, ապօրինի, ժողովրդի ու պետության հաշվին հարստանալ չլինի»,- հայտարարեց Փաշինյանը: