fbpx
Տնտեսություն

«Էներգետիկայի բնագավառը վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել»,- Գարեգին Բաղրամյան

Էներգետիկայի բնագավառը վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2018» միջոցառման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Ողջունելով միջացառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ «Էներգետիկայի շաբաթը» կարծես ավանդույթ է դառնում, և այն լավ հարթակ է մասնակիցներին ներկայացնելու Հայաստանի էներգետիկ համակարգի ձեռքբերումները, ոլորտում վերջին զարգացումները, նոր ներդրումային ծրագրերը և նախագծերը, ինչպես նաև քննարկելու, վեր հանելու այն խնդիրները և քայլերը, որոնք էլ ավելի գրավիչ և բարենպաստ կդարձնեն էներգետիկայի բնագավառի ներդրումային միջավայրը:

Անդրադառնալով վերջին տարիներին ոլորտում արձանագրված ձեռքբերումներին՝ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ դրանք ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան էներգետիկ ծառայությունների մատուցմանը մեր քաղաքացիներին:

Մասնավորապես, ըստ նրա, միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ գրեթե ամբողջովին արդիականացվել են համակարգային նշանակություն ունեցող բարձրավոլտ ենթակայանները, շարունակվում են աշխատանքները էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցման, նորացման, վերակառուցման, նոր հզորությունների ստեղծման, նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները:

Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ տարածաշրջանային առումով Հայաստանը արդյունավետ համագործակցում է հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ: Արդյունքում, ըստ նրա, 2020-21թթ. շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը:

«Նշված ծրագրերը թույլ կտան իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր, փոխանակումներ, առևտրային գործարքներ»,- ընդգծեց նա։

Գարեգին Բաղրամյանը նաև նշեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կամուրջ է Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ համակարգերի միջև. «Սա նույնպես լայն հնարավորություն է ստեղծում իրականացնելու բազմաթիվ ներդրումային ծրագրեր, ինչպես պետական այնպես էլ մասնավոր հատվածի կողմից»։

Նրա խոսքով՝ բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Ուստի, էներգետիկայի բանգավառի զարգացման ռազմավարարության համատեքստում հատուկ կարևորություն է տրվում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, այդ թվում՝ արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղություններին:

Անդրադառնալով ներդրումային միջավայրին՝ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ կատարելով օրենսդրական մեծածավալ բարեփոխումներ, կիրառելով ոլորտում առկա համաշխարհային լավագույն փորձը՝ ստեղծել են ներդրողների համար գրավիչ դաշտ: Մասնավորապես, վերջին տարիներին էականորեն նվազել է արևային ֆոտովոլտային կայանների տեխնոլոգիաների արժեքը: Դրա շնորհիվ, ըստ նրա, արդյունաբերական ծավալի արևային ֆոտովոլտային տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիայի արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ:

«Մասրիկ-1 ֆոտովոլտային կայանի կառուցման համար առաջարկված սակագինը ցույց տվեց, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտային կայանների համար ցածր սակագին, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,- ընդգծեց նախարարի պաշոտնակատարը։

Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ Հայաստանի նոր կառավարությունը կարևորելով ոլորտի զարգացումը՝ կստեղծի բոլոր հնարավորությունները համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայում ներդրումներ իրականացնելու համար։

«Այս առումով արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում ենք որպես Հայաստանի տնտեսության զարգացումը խթանող շատ կարևոր գործոն։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերակագնվող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում: Արդեն իսկ պատրաստ ներդրումային փաթեթները և սպասվող նախագծերը մեր գործընկերների կողմից կներկայացվեն ներդրողներին էներգետիկ շաբաթվա ընթացքում»,- նշեց Գարեգին Բաղրամյանը։

Նշենք, որ Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային միջոցառումներն անցկացվում են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, Բրիտանական «Ինվեսթ Ին Նեթվորք» ընկերության նախաձեռնությամբ։ Նոյեմբերի 14-16-ին Երևանում քննարկման թեմա կդառնան էներգետիկ հարցերն ու վերականգնվող էներգետիկայի զարգացման հնարավորությունները:

Համաժողովին մասնակցում են 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Չինաստան, Լիբանան, ԱՄԷ, Ռուսաստան, Ղազախստան:

Համաժողովին կներկայացվի երկրաջերմային, հողմային և հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրեր, արևային ՖՎ ներդրումային հինգ ծրագիր, մասնավորապես՝ Արագածոտնի մարզում գտնվող Թալին-2 տեղանքում արևային կայանի կառուցման հնարավորությունը, ինչպես նաև այդ նպատակով անցկացվելիք մրցույթի մանրամասները:

Աղբյուր` Panorama.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ