Քաղաքաշինության կոմիտեն սահմանել է նոր պահանջներ՝ շինարարության ընթացքում մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման նպատակով։ Նոր «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերը նախատեսում են արդի տեխնոլոգիաների կիրառմամբ շրջակա միջավայրի պահպանության արդյունավետ միջոցառումներ։ Մասնավորապես, շինարարական աշխատանքների ընթացքում պարտադիր է վերահսկել արտանետումները՝ իրականացնելով փոշենստեցման միջոցառումներ և կիրառելով փոշեճնշիչ ու ցածր արտանետումներով սարքավորումներ։ Բացի այդ, շինհրապարակները պետք է կահավորվեն օդի որակի մոնիթորինգային սարքերով։
Նորմերում նշվում է, որ ժամանակավոր ճանապարհները պետք է պատվեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով, իսկ հողային մակերեսները՝ խճի շերտով՝ բացառելով փոշու առաջացումը։ Սահմանվել են նաև շինհրապարակի պատշաճ կահավորման, կանոնավոր մաքրման, փոշեպաշտպան պատնեշների և ցանցերի կիրառման պահանջներ։ Այս միջոցառումները հնարավորություն կտան նվազեցնել շինարարության ազդեցությունը օդի աղտոտվածության վրա ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ տարածքներում։
Նոր շինարարական նորմերի մշակումը ներառված է Քաղաքաշինության կոմիտեի արդիականացվող նորմերի տարեկան ցանկում և ընդգրկվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրում»։ Նորմերը շուտով կհրապարակվեն arlis.am հարթակում և կմտնեն գործողության մեջ։

