Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և ընդլայնել օգնությունն Արցախին ու Հայաստանին։
Կառավարության հետ կապերի հարցերով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Թերեզա Երիմյանը հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն ապրիլի 26-ին ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի առջև 2023 թ. Օտարերկրյա օգնության օրինագծի վերաբերյալ իր ցուցմունքներում։ Arka գործակալության փոխանցմամբ՝ Երիմյանը հատուկ շեշտադրել է, որ դադարեցվի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը և 50 մլն դոլարի հրատապ օգնության փաթեթ տրամադրվի Արցախին։
Երիմյանը հայտարարել է, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո և Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի ֆոնին Կոնգրեսը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևի վարչակարգին՝ դադարեցնելով Ադրբեջանի զինված ուժերին ԱՄՆ ամբողջ ռազմական օգնությունը։ Նա նաև պնդել է, որ երկարաժամկետ ներդրումներ արվեն Արցախի զարգացման գործում։