fbpx
Իկոնիկ

Կարևորագույն գրքերի եռյակ. Դանթե Ալիգիերի, Յոհան Վ. Գյոթե, Միխայիլ Բուլգակով

Այս երեք հանճարեղ գործերը, թե՛ գրելաոճով, թե՛ պատմություններով չափազանց տարբերվում են միմյանցից։ Սակայն նրանց միավորում է նույն թեմատիկան՝ սատանայի, չար հոգու, դժոխքի, բարի և չար ուժերի պայքարի, երջանկության, ընտրության և բարոյականության։

Դանթե Ալիգիերի – Աստվածային կատակերգություն (1321)

Աստվածային կատակերգությունը Դանթեյի գլուխգործոցն է։ Նա սկսել է այն գրել 1308 թվականին, ավարտել՝ 1321 թվականին։

Պոեմը բաղկացած է երեք մասից.

* Դժոխք
* Քավարան
* Դրախտ

Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին մասերի. Դժոխքը բաղկացած է ինը պարունակից, Քավարանը՝ յոթ բոլորակից, Դրախտը՝ երկնային ինը ոլորտներից։

Պոեմի գործողությունները կատարվում են հանդերձյալ աշխարհում, գործող անձինք մարդկանց հոգիներն են։ Գործող անձանց մեծագույն մասը պատմական ծանոթ, իրական մարդիկ են։ Բանաստեղծը պատմում է նրանց հոգիների և երկրային գործերի, կենդանի ժամանակ կատարած արարքների մասին։ Սյուժետային հենքը բանաստեղծի երևակայական ճանապարհորդությունն է անդրշիրիմյան աշխարհ՝ դժոխքում, քավարանում և դրախտում։ Պոեմի կոմպոզիցիան հյուսված է այս առանցքի վրա։

Ստեղծագործությունը շատ դետալներով է գրված, կարծես գրողը իրականում այցելել է այդ երեք վայրերը։ Այդքան իրական է պոեմում պատկերված յուրաքանչյուր մանրուք։

Յոհան Վ. Գյոթե – Ֆաուստ (1808 և 1832)

ֆաուստը ողբերգություն է և փիլիսոփայական դրամա, որը համարվում է Գյոթեի գլխավոր աշխատությունը։ Դրամայի սյուժեյի հիմքում ընկած է բժիշկ Ֆաուստի հայտնի լեգենդը։

Ֆաուստ ողբերգության մտահղացման վրա Գյոթեն աշխատել է ավելի քան վաթսուն տարի։

Ողբերգությունը սկսվում է ընդհանուր սյուժեի հետ կապ չունեցող թատրոնի տնօրենի և պոետի բանավեճով, որտեղ հերոսները քննարկուն են, թե ինչպես պետք է գրել պիես։

Բանավեճի ժամանակ տնօրենը պոետին պատճառաբանում է, որ հանդիսատեսը կոպիտ է, անտաշ և չունի սեփական կարծիքը։ Նաև հանդիսատեսի մեծ մասը ի վիճակի չի գնահատել արվեստը, դրա համար էլ պետք է զարմացնել նրան մտքի շարադրանքի բացակայութամբ։

Ողբերգության առաջին մասի գործողությունները սկսվում են երկնքում, որտեղ չար ոգի Մեֆիստոֆելեսը Աստծու հետ պայման է կնքում, որ Ֆաուստը չի կարողանա փրկել իր հոգին։

Պրոֆեսոր Ֆաուստը, բավարարված չէ այն գիտելիքներով, որը նա կուտակել էր տարիների ընթացում և գիտակցելով, որ տիեզերքի արարման գաղտնիքները հասու չեն մարդկային մտքին, հուսահատությունից ինքնասպանության փորձ է կատարում, բայց վերջնակետին չի հասցնում այն։

Իր աշակերտ Ռ. Վագների հետ քաղաքում զբոսնելիս Ֆաուստը հանդիպում է մի շան, որին իր հետ տուն է տանում։ Շունը Ֆաուստի բնակարանում կերպարանափոխվում է՝ դառնալավ Մեֆիստոֆելեսը։ Այդ պահից ի վեր դևը՝ Մեֆիստոֆելեսը, սկսում է գայթակղել Ֆաուստին՝ խոստանալով այն ամենն, ինչ վերջինս ցանկանում է։

Ողբերգության երկրորդ հատվածը իրենից ներկայացնում է պոետափիլիսոփայական մեծ գաղափարախոսություն՝ հագեցած ծածկագրված սիմվոլներով, միստիկական զգացողություններով և անհասկանալի հանելուկներով։

Կյանքի վերջին տարիներին կուրացած Ֆաուստը ձեռնարկում է մեկտեղել իր գիտելիքները՝ ի օգուտ մարդկության։ Հիշելով իր կնքած դաշինքը Մեֆիստոֆելեսի հետ՝ խնդրելով հենց այդ պահին կանգնեցնել իր կյանքի ակնթարթը, ասելով. «Կանգ առ, ակնթարթ, դու չքնաղ ես…»։

Ըստ պայմանի, Ֆաուստի հոգին մահից հետո պետք է հայտնվեր դժոխքում։ Սակայն այս վեճը (Ֆաուստի հոգու փրկությունը) Աստծո և Սատանայի միջև լուծվում է ի օգուտ Ֆաուստի հոգու փրկության, քանի որ նա մինչև իր կյանքի ավարտը ծառայում է մարդկանց բարօրութանը։

Համաշխարհային գրականության մեջ դժվար է գտնել այսպիսի բարդություն ունեցող մեկ այլ ստեղծագորխություն։

Միխայիլ Բուլգակով – Վարպետը և Մարգարիտան (գրվ. 1929, հր. 1967)

Վարպետը և Մարգարիտան վեպը գրել է ռուս գրող Մ. Բուլգակովը 1929-1940 թվականներին։ Վեպը հիմք է հանդիսացել տարբեր ներկայացումների և ֆիլմերի համար։ Վարպետը և Մարգարիտան Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում:

Հետաքրքիր հետևառաջության միջոցով Բուլգակովը զուգահեռներ է անցկացնում Քրիստոսի ժամանակների և 20-րդ դարի 30-ական թվականների մարդկանց միջև՝ վեր հանելով մարդկային բոլոր թուլություններն ու արատները՝ ընչաքաղցությունը, դավաճանությունը, ստախոսությունը։ Հատկանշական է այստեղ հիշատակել Վոլանդի (սատանայի) խոսքերը,-«Մարդիկ նույնն են, երբեմն գթասրտությունն է բախում նրանց սրտի դռները… Բնակարանային հարցը միայն փչացրել է նրանց…»։

Վեպում կան բազմաթիվ հանճարեղ այլ արտահայտություններ ևս.
* Խելացի մարդիկ նրա համար են խելացի, որ պարզեն խճճված բաները:
* Մարդկային արատների մեջ ամենագլխավորներից մեկը վախկոտությունն է:
* Չար մարդիկ չկան աշխարհում, կան միայն դժբախտներ։
* Ինչ էլ որ ասեն հոռետեսները, միևնույն է, երկիրը հիասքանչ է, իսկ լուսնի տակ այն պարզապես անկրկնելի է:
* Երբեք և ոչինչ մի խնդրեք: Երբեք և ոչինչ, հատկապես նրանցից, ովքեր ուժեղ են ձեզանից: Իրենք ինքնուրույն կառաջարկեն, իրենք էլ կտան:
* Ամենասարսափելի զայրույթը՝ դա անելանելիության զայրույթն է:
* Լսիր անձայնությունը, լսիր և վայելիր այն, ինչ քեզ չեն տվել քո կյանքում՝ լռությունը:
* Ինչո՞ւ վազել այն բանի հետքերով, ինչը վաղուց վերջացել է:

 

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ