Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դատաքննությանը և դատարանի որոշմանը՝ կալանավորելու Գագիկ Խաչատրյանին, նշեց, որ դատարանը իրենց ներկայացրած հակափաստարկներից որևէ մեկին չի անդրադարձել:
«Մենք խորությամբ հակափաստեր ենք ներկայացրել, ընդ որում դրանք՝ գործի նյութերի և մեղադրանքի վերաբերյալ են։ Եվ այդ հակափաստարկների վերաբերյալ որևէ հակառակ դիրքորոշում անհնար էր ներկայացնել, որովհետև գործում չկային այնպիսի նյութեր, որոնք կարող էին չեզոքացնել մեր հակափաստարկները»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ չնայած ակնկալում էին, որ դատարանը արդեն նախկին շեմը հաղթահարել է ավելի օբյեկտիվ ու արդար կքննի, բայց «դատարանն անում է էն, ինչ ակնկալվում է իրենից»։
Ըստ փաստաբանի՝ դատաքննությունը ձևական բնույթ էր կրում․ «Երեք օրվա քննությունն ընդամենը ձևական քննություն էր և որեէ նշանակություն չուներ, թե ինչ փաստեր են ներկայացվում, և արդյոք հակառակ կողմը կարողանում էր դրանք հերքել կամ չհերքել»։
Նա նշեց, որ անպայման բողոքարկելու են դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի որոշում է կայացրել բավարարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Դատարանը, սակայն ոչ իրավաչափ է համարել Խաչատրյանին ձերբակալելու որոշումը։
