Օգոստոսի 14-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց, որ դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության, որը նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը: Այս մասին տեղեկացել ենք ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունից։
Ջհանգիրյանը նշել է, որ առաջիկայում կլուծվի նաև դատավորների թոշակի հարցը, եթե չհավասարվի Հակակոռոպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի։
Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելել է Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Ապարանի նստավայրեր, տեղում ծանոթացել ինչպես շենքային պայմաններին, այնպես էլ աշխատակիցների խնդիրներին և հարցերին: Եղել են նաև Շիրակի մարզում, որտեղ դատարանի նոր նախագահ է նշանակվել Գոռ Հարությունյանը:
Գագիկ Ջհանգիրյանը մարզային այցի ընթացքում դատարանների կազմերին ներկայացրել է նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ ղեկավար, գնդապետ Սուրեն Բաղդասարյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ քննարկվում է Կարգադրիչների ծառայության աշխատակիցների լիազարությունների ընդլայնման հարցը՝ դատարանների անվտանգային խնդիրները լուծելու համար:
