Կառավարությունն այսօր որոշում ընդունեց փոփոխություններ կատարել 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մանրամասնեց՝ խոսքը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի, այլ կերպ ասած՝ «Դայակների ծրագրի» մասին: Բաթոյանը հայտնեց, որ նախապես ծրագրում 200 շահառու էր նախատեսված, սակայն այն ընդլայնել են՝ 472 անձի են ընդգրկել, ևս 400 շահառուի համար ֆինանսավորում են նախատեսել:
Նախարարն ասաց, որ ավելի շատ են ծրագրում ընդգրկվել ցանկացողները, դիմումները մեծ թիվ են կազմում:
Նշենք՝ ծրագրով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված է 242,000.0 հազ.դրամ՝ 400 շահառուի ընդգրկմամբ, որտեղ 9 ամիսների համար գումարը կազմում է 217,800.0 հազ. դրամ՝ 360 շահառուի համար:
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի ծրագրերի ֆինանսական միջոցների ավելացում`
Ծրագրի 9 ամիսների ֆինանսավորման համար լրացուցիչ կպահանջվի 77,334.5 հազ.դրամ ((656 անձ + 93 անձ) x 55.0 հազ.դրամ (մեկ անձին մեկ ամսվա համար տրամադրվող գումար) x 4 ամիս = 164,780.0 հազ.դրամ + 154,554.5 (փաստացի ֆինանսավորում) – 242,000.0 հազ.դրամ (տարվա համար նախատեսված գումար), որի արդյունքում 9 ամսվա գումարը կկազմի 295,134.5 հազ.դրամ /217,800.0 (9 ամսվա գումար) + 77,334.5 (պահանջվող գումար)/, կամ տարեկան գումարը կավելանա 77,334.5 հազ.դրամով /154,554.5 (փաստացի ծախսված գումար) + 164,780.0 հազ.դրամ (պահանջվող գումար) – 242,000 (տարեկան գումար) /:

