Աշխարհ

Բիլ Քլինտոնի և Բորիս Ելցինի գաղտնազերծված նամակները Արցախում ՄԱԿ խաղաղապահներ տեղակայելու մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը բացահայտում են 1994 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների կարևոր պահը, երբ երկու երկրների միջև լարվածությունը սրվում էր ՆԱՏՕ-ի ընդլայնման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հրապարակված փաստաթղթերի թվում առանձնանում են երկու նամակներ, որոնք փոխանակվել են ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և ՌԴ նախագահ Բորիս Ելցինի միջև՝ կարևոր դիվանագիտական ուղերձներ, որոնք արտացոլում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմավարական դիրքորոշումները, փոխադարձ անվստահությունը և ճգնաժամի կանխարգելման ջանքերը։ Այս նամակագրությունը ծավալվել է Բուդապեշտում նախատեսված գագաթնաժողովից առաջ, որի օրակարգում առանցքային դեր ունեին Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հարցը:

1994 թվականի դեկտեմբերի 3-ին Ելցինի կողմից Քլինթոնին ուղարկված նամակը ցույց է տալիս Ռուսաստանի անհանգստությունը ՆԱՏՕ-ի ռազմավարության վերաբերյալ՝ պնդելով, որ ընդլայնումը չպետք է գերակշռի գործընկերության զարգացմանը: Նա անհանգստություն է հայտնում, որ դեկտեմբերի 1-ին հրապարակված Հյուսիսատլանտյան խորհրդի հաղորդագրությունը շեղում է ՆԱՏՕ-ի ապագայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված սկզբունքներից: Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն ստեղծելու գաղափարը՝ նա նշում է.
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա մեր փոխըմբռնումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պատրաստման և ընդունման վերաբերյալ, որը «օրհնելու» է խաղաղապահ գործողության մեկնարկը՝ նախընտրելիորեն՝ Հայիթիի սցենարի համաձայն, անկասկած, մնում է ուժի մեջ։ Այս բանաձևը լուրջ փաստաթուղթ է լինելու, և հնարավոր չէ այն պատրաստել մի քանի օրվա ընթացքում։ Այդ պատճառով մենք պետք է ձգտենք Բուդապեշտում ընդունվող որոշումների մեջ ներառել այնպիսի ձևակերպում, որը ճանաչում է ԵԱՀԽ-ի կարևոր ներդրումը բանակցային գործընթացում՝ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ (ոչ թե մրցակցության մեջ), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի համար ՄԱԿ-ի հովանու ներքո բազմազգ խաղաղապահ ուժերի ձևավորման գործում։ Մանրամասները պետք է մշակվեն հետագա աշխատանքների ընթացքում։ Ի դեպ, որքան հասկանում եմ, եվրոպացիները աջակցում են նման մոտեցմանը։»

Ելցինի ամբողջական նամակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Քլինթոնի պատասխան նամակը, որը նա ուղարկել է դեկտեմբերի սկզբին, նախքան Բուդապեշտում կայանալիք հանդիպումը, արտացոլում է ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը, ինչպես նաև նրա մտահոգությունները Ռուսաստանի անսպասելի քայլերի վերաբերյալ։ Նա դժգոհություն է հայտնում, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրևը դեկտեմբերի 1-ին Բրյուսելում հրաժարվել է ստորագրել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի փաստաթղթերը, ինչը, ըստ Քլինթոնի, դիվանագիտական գործընթացին հակասող անակնկալ էր։ Քլինթոնը նաև ընդգծում է, որ ԵԱՀԽ-ի խաղաղապահ առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը պահպանվում է, առաջարկելով ռուսական զորախմբին նշանակալի դեր հատկացնել այդ ուժերում, միաժամանակ ապահովելով, որ գործընթացը վերահսկվի բազմազգ ձևաչափով:

Ձեզ ենք ներկայացնում ԱՄՆ նախագահ Բիլ Քլիտնտոնի նամակը.

«Հարգելի Բորիս,

Շնորհակալություն նոյեմբերի 30-ի Ձեր նամակի համար։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ մենք սերտորեն համակարգված գործենք երկու առանցքային հարցում՝ ՆԱՏՕ-ի և Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Կցանկանայի, որ դուք հասկանայիք իմ դիրքորոշումը երկու հարցերի վերաբերյալ, քանի դեռ չենք հանդիպել Բուդապեշտում երկուշաբթի օրը։

Պետք է անկեղծ ասեմ, որ ես շատ զարմացած և հիասթափված էի իմանալով Անդրեյ Կոզիրևի գործողությունների մասին Բրյուսելում դեկտեմբերի 1-ին։ Երբ մենք հանդիպեցինք Վաշինգտոնում, ես մանրամասն ներկայացրի մեր ծրագրերը՝ կապված նոր անվտանգության ճարտարապետության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ։ Այդ ժամանակից ի վեր մենք հետևողականորեն հավատարիմ ենք մնացել այն սկզբունքներին, որոնց շուրջ դուք և ես համաձայնել ենք՝ անակնկալներ չպետք է լինեն, առաջնահերթ պետք է լինի ԱՄՆ-Ռուսաստան գործընկերության ամրապնդումը, և բոլոր քննարկումները պետք է լինեն թափանցիկ, ներառական և հաշվի առնեն Ռուսաստանի շահերը։

Այս սկզբունքները արտացոլում են այն հարաբերությունների ոգին, որ մենք կառուցել ենք։ Սակայն ես չեմ կարծում, որ այս սկզբունքներն ապահովվել են, երբ, Ռուսաստանի խնդրանքով կազմակերպված հանդիպման ժամանակ, որը նախատեսված էր «Գործընկերություն հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ձեր հանձնառությունը հաստատելու և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների նոր փուլ սկսելու համար, Անդրեյն անսպասելիորեն հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում ձեռնարկել այդ քայլերը։ Ես կցանկանայի, որ նման լուրջ մտահոգությունները նախապես քննարկվեին մասնավոր կերպով։ Իմ փորձագետները մանրամասն տեղեկացրել էին ձեր մասնագետներին մեր առաջարկի մասին Հյուսիսատլանտյան խորհրդի (NAC) դեկտեմբերի 1-ի հաղորդագրության վերաբերյալ։ Այսպիսով, Անդրեյն այդ հարցում անակնկալի չէր կարող մատնվել։

Դեկտեմբերի 1-ին, երբ մենք Բրյուսելից ստացանք լուրը Անդրեյի գործողությունների մասին, ես արդեն աշխատում էի ձեր նոյեմբերի 30-ի նամակին արձագանքելու վրա։ Այդ նամակը և Անդրեյի հայտարարությունները Բրյուսելում վկայում են, որ մեր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ապագայի վերաբերյալ թյուրըմբռնման է ենթարկվել։

Շատ կարևոր է, որ մենք հնարավորինս շուտ պարզաբանենք այս թյուրըմբռնումը։ Ձեր նամակում առկա «ՆԱՏՕ-ի ընդլայնման արագացում», «արագացված ժամանակացույցի ընդունում» և «թեկնածու երկրների հետ բանակցությունների մեկնարկ» արտահայտությունները ստեղծում են սխալ պատկերացում իմ մոտեցման վերաբերյալ, ինչպես նաև այն առաջարկների մասին, որոնք պետքարտուղար Քրիստոֆերը ներկայացրել է Հյուսիսատլանտյան խորհրդին (NAC) դեկտեմբերի 1-ին, և որոնք ընդունվել են NAC-ի կողմից։ Ինչպես ձեզ գրել էի նոյեմբերի 28-ին, մեր նպատակը Հյուսիսատլանտյան խորհրդում մեկնարկել ինչպես և ինչու հարցերի քննարկման գործընթացը ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ, այլ ոչ թե որոշում կայացնել այն մասին, ով է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ և երբ։ Հետևաբար, դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի հանդիպման ընթացքում մենք չենք քննարկել որևէ ժամանակացույց կամ թեկնածու երկրների ցուցակ, ինչպես նաև չենք սկսել դաշինքի ներսում այդ հարցերի շուրջ աշխատանքներ։ Հետաքրքրված գործընկերների հետ նախատեսվող քննարկումները, որոնք տեղի կունենան հաջորդ տարի՝ ՆԱՏՕ-ի ներքին քննարկումների ավարտից հետո, չեն լինի «բանակցություններ» կամ անդամակցության գործընթաց, այլ ներկայացում ՆԱՏՕ-ի մոտեցման վերաբերյալ՝ կապված ընդլայնման նպատակների և անդամակցության պահանջների հետ։

Կարծում եմ, որ Քրիսը Բրյուսելում Անդրեյին մանրամասն ներկայացրել է մեր մոտեցման էվոլյուցիոն բնույթը ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ։ Գիտեմ, որ Անդրեյը երեկ խնդրել է պարզաբանում ՆԱՏՕ-ի քաղաքականության վերաբերյալ։ Հուսով եմ, որ իմ պարզաբանումից հետո հնարավոր կլինի, որ Անդրեյը ստորագրի այդ փաստաթղթերը, ինչպես մենք ակնկալում էինք։

Մեր մոտեցումը ՆԱՏՕ-ի հարցում նաև սերտորեն համադրվել է ավելի լայն և ներառական անվտանգության կառուցվածքները ուժեղացնելու մեր ջանքերի հետ, որոնց կենտրոնում ԵԱՀԽ-ն է։ Վերջերս ձեզ և ԵԱՀԽ գործընկերներին ուղղված իմ ուղերձում ես առաջարկել եմ ուժեղացնել ԵԱՀԽ-ի դերը և գործառույթները։ Մենք նաև կարող ենք համաձայնության գալ ԵԱՀԽ-ի անվանափոխման հարցում՝ այն վերանվանելով «Անվտանգության և համագործակցության կազմակերպություն Եվրոպայում»։ Այս քայլերի միջոցով մենք շարժվում ենք դեպի ավելի ուժեղ ԵԱՀԽ, ինչը դուք և ես ցանկանում ենք։

Լեռնային Ղարաբաղի հարցում, Բորիս, ցանկանում եմ ներկայացնել իմ տեսլականը՝ ինչպես պետք է շարունակենք Բուդապեշտում երկուշաբթի օրը, գործելով միասին, ինչպես պայմանավորվել ենք սեպտեմբերին։ Մենք հավատում ենք, որ ԵԱՀԽ-ն արդեն իսկ ունի խաղաղապահ առաքելության մանդատ։ Այս որոշումն ընդունվել է պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից Հելսինկիի գագաթնաժողովում և լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության VIII հոդվածին։ Իմ կարծիքով, Բուդապեշտի գագաթնաժողովը մեզ համար վճռորոշ հնարավորություն է՝ ցույց տալու, որ մենք հավատում ենք ԵԱՀԽ-ի մանդատին՝ առաջ մղելով խաղաղ գործընթացը Լեռնային Ղարաբաղում։ Մենք կարող ենք դա անել՝ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ ընդգրկելով ԵԱՀԽ-ի հովանու ներքո բազմազգ խաղաղապահ ուժ տեղակայելու կոչ։

Այս տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում մենք երկար քննարկեցինք, թե ինչպես կարող ենք լավագույնս հասնել մեր ընդհանուր նպատակին։ Այդ ժամանակ դուք արտահայտեցիք որոշակի մտահոգություններ ԵԱՀԽ-ի՝ խաղաղապահ ուժ հավաքելու և պահպանելու կարողության վերաբերյալ։ Կարծում եմ, որ այդ պահից ի վեր տեղի ունեցած զարգացումները պետք է փարատեն ձեր մտահոգությունները։ ԵԱՀԽ Մինսկի խումբը մեծ ջանքեր է գործադրել՝ հավաքագրելու բազմազգ խաղաղապահ ուժի համար հնարավոր ներդրողներին։ 39 պետություն արդեն իսկ արտահայտել է իր ուժեղ քաղաքական աջակցությունը, և ավելի քան 20 անդամ պետություն արդեն իսկ առաջարկել է զորքեր կամ ռեսուրսներ։ Եթե գագաթնաժողովը հաստատի խաղաղապահ առաքելությունը, ես վստահ եմ, որ լրացուցիչ ներդրողներ ևս կմիանան։

Այս երկրները պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ՝ ստեղծելու ԵԱՀԽ-ի հովանու ներքո գործող բազմազգ խաղաղապահ ուժ։ Ինչպես քննարկեցինք Վաշինգտոնում, իմ կարծիքով՝ ռուսաստանյան/ԱՊՀ բաղադրիչը կարող է կազմել ուժի մինչև 50 տոկոսը։ Ձեր նվիրվածությունը ԵԱՀԽ-ին և տարածաշրջանում խաղաղության պահպանմանը կլինի ակնհայտ բոլորի համար։

Մեր երկարատև փոխանակումների և մեր ենթակաների քննարկումների հիման վրա տեղյակ եմ, որ դուք հետաքրքրված եք ՄԱԿ-ի հնարավոր դերով Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողության մեջ։ Մենք պատրաստ ենք մի շարք եղանակներով աջակցել ձեզ։ Մենք պատրաստ ենք ձեզ հետ համատեղ բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որը կընդունի և կաջակցի ԵԱՀԽ-ի գործողությանը։ Մենք նաև պատրաստ ենք ուժեղացնել ԵԱՀԽ-ի ջանքերը՝ աջակցելով ՄԱԿ-ի տեխնիկական օգնության տրամադրմանը ԵԱՀԽ-ին խաղաղապահության հարցում։

Ամփոփելով, կարծում եմ, որ մենք ունենք բոլոր անհրաժեշտ տարրերը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում նշանակալի առաջընթաց ապահովելու համար։ Բորիս, Ռուսաստանի միջնորդությունը մեծապես նպաստել է հակամարտող կողմերի տարաձայնությունների մեղմացմանը և գործող հրադադարի պահպանմանը։ Հույս ունեմ, որ դուք կմիանաք ինձ՝ Բուդապեշտում այս խաղաղ գործընթացը հաջորդ փուլին հասցնելու գործում։ Դա կդառնա վկայություն ԵԱՀԽ-ի աճող դերի մասին՝ որպես կազմակերպություն, որը կարող է լուծել բարդ անվտանգության հարցերը, և կընդգծի եվրոպական անվտանգության այն առավելությունները, որոնք բխում են մեր ամուր գործընկերությունից։

Կցանկանայի որքան հնարավոր է շուտ լսել ձեր արձագանքը այս առաջարկի վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք համաձայնության գալ Բուդապեշտից առաջ։

Հարգանքով,

Բիլ»

Այս փոխանակված նամակները վկայում են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների լարվածության խորացման մասին, սակայն միևնույն ժամանակ ցույց են տալիս երկու կողմերի ձգտումը՝ խուսափելու առճակատումից և լարվածությունը մեղմելու փորձերը, որտեղ ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման ստվեր գցեց տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա։ Մոսկվան շարունակում էր պնդել, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը չպետք է իրականացվի առանց Ռուսաստանի անվտանգության երաշխիքների, մինչդեռ Վաշինգտոնը ԵԱՀԽ-ի դերը համարում էր գլխավոր միջոց՝ առանցքային խնդիրները կարգավորելու համար։ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ ուժերի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա տարաձայնությունները փաստացիորեն արտացոլում էին ավելի լայն հակասությունները՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հետխորհրդային տարածքում ազդեցության համար պայքարի շրջանակում։

Բուդապեշտի գագաթնաժողովը չկարողացավ վերացնել այդ տարաձայնությունները, իսկ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ 1994 թվականին ձևավորված հակասությունները խորացան՝ ազդելով ապագա տարածաշրջանային հակամարտությունների վրա։ Այս գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են, որ միջազգային քաղաքականության առանցքային հարցերի վերաբերյալ որոշումները հիմնված էին ոչ միայն միջազգային իրավունքի և համաձայնագրերի վրա, այլև կողմերի միջև ձևավորված դիվանագիտական վստահության և ռազմավարական հաշվարկների վրա։

Այս ամենից հետո հարց է առաջանում. Սկզբնական քննարկումներից հետո ինչու՞ Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման գաղափարը երբեք իրականություն չդարձավ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ