Օգոսոտոսի 12-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։
«Ողջունելով հյուրերին՝ նախարար Պետրոսյանը շնորհավորել է պարոն Գալագերին Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առկա համագործակցության բարելավման և ավելի բարձր նշաձողեր սահմանելու գործին։
Դեսպան Գալագերը ևս շնորհավորել է նախարար Ռոմանոս Պետրոսյանին վերանշանակվելու կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ չափազանց հետաքրքրված է բնապահպանության ոլորտով։ Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերն ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք էլ կքննարկվեն հանդիպման ընթացքում։
Կողմերը քննարկել են ս․թ․ նոյեմբերի 1-12-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը։
- Քաղաքացին լճակից ապօրինի ջրառ է իրականացրել, որ ջրի կենդանիներին
- Տեղադրվել են ցուցանակներ՝ Թռչկանի ջրվեժի տարածքը չաղտոտելու մասին
«Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովի անցկացումը և բարձր է գնահատում Ձեր ջանքերն ուղղված նման կարևորագույն միջոցառման կազմակերպումը պատշաճ իրականացնելու նպատակով, նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ սա լավագույն հնարավորությունն է շրջակա միջավայրին սպառնացող ամենավտանգավոր բնապահպանական հետևանքները կանխելու համար»,-նշել է նախարար Պետրոսյանը։
Նախարարը խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետին Մեծ Բրիտանիայի Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից ս.թ. նոյեմբերի 1-ից 2-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովի բարձրաստիճան հատվածի՝ Աշխարհի առաջնորդների վեհաժողովին մասնակցության հրավերի վերաբերյալ և հայտնել, որ առայժմ ընթացքի մեջ են ՀՀ վարչապետի մասնակցության և Հայաստանի պատվիրակության կազմի վերաբերյալ քննարկումները։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կրկին անգամ կարևորել է համաժողովին Հայաստանի մասնակցությունը և ներկայացրել նախարարության կողմից կլիմայական օրակարգում իրականացված աշխատանքները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և անտառկառավարման քաղաքականության մշակմանը։
Աննա Մազմանյանը խոսել է էլեկտրական շարժիչով մեքենաների շահագործման վերաբերյալ, ներկայացրել Հայաստան դրանց ներկրումների թվի դրական դինամիկան և ցանկություն հայտնել Մեծ Բրիտանիայի Թագավորության հետ դրանց շահագործումն ընդլայնելու փորձի փոխանակում իրականացնել։
Անդրադարձ է կատարվել Կլիմայական օրակարգին։ 2021 թվականի մայիսի 13-ին Կառավարության կողմից ընդունվել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։
Նախարարն անդրադարձել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացված ծրագրերին։
Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բնապահպանության, պարենի և գյուղատնտեսության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագրի» նախագիծը, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ` նպաստելով շրջակա միջավայրի կառավարման համակարգի բարելավմանը։
Նախագիծը դիվանագիտական ուղիներով փոխանցվել է Բրիտանական կողմին ստորագրման գործընթացը կազմակերպելու նպատակով։
«Շրջակա միջավայրի նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը վերանայել և վերսկսել գործընթացը՝ բարձր գնահատելով Միացյալ Թագավորության առաջադեմ փորձը և խոշորագույն ներդրումը շրջակա միջավայրի, մասնավորապես կլիմայի փոփոխության ոլորտում»,-նշել է նախարարը։
Դեսպան Գալագերն իր հերթին խոստացել է քննարկել և վերսկսել գործընթացը։
Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը խոսել է 2021 թվականի հուլիսի 6-ին ընդունված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ վարչապետի որոշման վերաբերյալ:
Արդյունքում հնարավոր կդառնա ապահովել ՄԱԿ-ի Կլիմայի կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման գործընթացի համակարգումը։
Հանդիպման ավարտին նախարար Ռոմանոս Պետրոսյանը Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել՝ հետայսու ևս գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկրների միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։