Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը գործով 7 մեղադրյալի առաջադրված որոշ առանձին մեղադրանքների մասով վճիռ է կայացրել։ Մասնավորապես՝ մեղադրյալ Էրհան Թունջելին Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Տրապիզոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցության մեղադրանքով՝ 79 տարի ազատազրկման։ Այսպիսով, Թունջելին, ընդհանուր առմամբ, դատապարտվել է 9 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանը նաև վերջինիս կալանավորելու որոշում է կայացրել։
Հանցագործության անմիջական կատարողը՝ Դինքին սպանած Օգյուն Սամասթը, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։
Գործով մեկ այլ մեղադրյալ Յասին Հայալը զինված հանցավոր խմբավորում հիմնելու և ղեկավարելու մեղադրանքով դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման։
Մեղադրյալ Զեյնել Աբիդին Յավուզը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 6 ամիս, 22 օր ազատազրկման։ Ընդհանուր առմամբ 14 տարի 22 օր ազատազրկման դատապարտված Յավուզի վեարբերյալ նաև կալանավորման որոշում է կայացվել։