Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց Դուբայից առաջին չվերթը՝ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների մեկնարկից հետո, երբ Մերձավոր Արևելքի օդային տարածքները մասամբ կամ ամբողջությամբ փակ էին։ Flydubai ավիաընկերության այս թռիչքը, որը սովորաբար տևում է երեք ժամ, այս անգամ տևել է վեց ժամ՝ շրջանցելով փակ տարածքները Օմանի, Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի երկնքով։ Չվերթը ժամանել է երկու ժամ ուշացումով։
Այս օրերին Մերձավոր Արևելքում տիրող լարվածության պատճառով բազմաթիվ թռիչքներ չեղարկվել են, ինչի հետևանքով Հայաստանի քաղաքացիները, ովքեր գտնվում են Դուբայում, Աբու Դաբիում, Դոհայում և այլ քաղաքներում, հայտնվել են անորոշության մեջ։ Կառավարությունը առաջարկում է օգտվել Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան թռիչքներից, սակայն դրանց գները սկսվում են հազար եվրոյից։ Վերջին օրերին Մասկատից երկու օդանավ է ժամանել Երևան՝ առաջին թռիչքի տոմսերը գնել է ընդամենը 15 մարդ, իսկ երկրորդ թռիչքով վերադարձել են ավելի քան 90 հայաստանցիներ։ Այսօրվա ամենաէժան տոմսի արժեքը կազմում է 1200 եվրո։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում նշել է, որ պետությունը միայն ապահովել է քաղաքացիների ցամաքային ճանապարհով Մասկատի օդանավակայան հասնելը։ Մերձավոր Արևելքի օդային տարածքի փակման պատճառով իրավիճակը շարունակում է մնալ լարված, և ավիաընկերությունները փորձում են հարմարեցնել իրենց թռիչքների գրաֆիկները ռազմաքաղաքական իրավիճակին։

