Դուք մե՞զ հետ եք, թե՞ ահաբեկիչների․ Էրդողանը՝ Մերկելին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան հարց է տվել, թե ում են նրանք նախապատվություն տալիս՝ իրե՞նց, թե՞ ահաբեկչական կազմակերպությանը։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

Էրդողանը հիշեցրել է, որ ավելի վաղ Բեռլինը դադարեցրել է զինամթերքի արտահանումը Թուրքիա՝ Սիրիայում ռազմական գործողությունների ֆոնին։

«Ես ասացի Մերկելին․ «Տեսե՛ք՝ ինչ է ասում ձեր ԱԳՆ-ն։ Մենք դաշնակիցներ ենք ՆԱՏՕ-ում, թե՞ դուք ահաբեկչական կազմակերպություն եք ընդունել ՆԱՏՕ-ում, իսկ մենք դրա մասին տեղյակ չենք։ Շատ տարօրինակ մոտեցում է։ Դու մե՞զ հետ եք, թե ահաբեկիչների»,-ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետից հայտնել էին, որ Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

Ամենաթարմ