2018 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ ճաշի ժամանակ նրան առաջարկել է ընկերության կենտրոնակայանը տեղափոխել Փարիզ։ Մեկ տարի առաջ Ֆրանսիան և ԱՄԷ-ն կազմակերպել էին Դուրովի «iPhone-ը կոտրելու գործողություն», գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զրուցակիցների խոսքով՝ Դուրովը մերժել է Մակրոնի առաջարկը։
WSJ-ն նաև իմացել է 2017 թվականին Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև «Purple Music» ծածկագրված գործողության մասին, որի ժամանակ երկրները մուտք են գործել Դուրովի iPhone-ի մեջ: «Telegram»-ի հիմնադրի նկատմամբ հետապնդումները պայմանավորված էին իշխանությունների մտավախություններով, որ հարթակն օգտագործվում է ահաբեկչական նպատակներով, ինչպես նաև թմրանյութերի վաճառքի և կիբերհանցագործությունների համար։
WSJ-ի աղբյուրը նշել է, որ ընկերությունը տարիներ շարունակ անտեսել է իրավապահ մարմինների ծանուցումները և դատական կարգադրությունները:
Ենթադրվում է, որ վեց տարի առաջ Մակրոնը նույնիսկ պատրաստ է եղել քաղաքացիություն շնորհել ձեռնարկատիրոջը։ 2021 թվականին Դուրովը ստացել է և՛ Ֆրանսիայի անձնագիր, և՛ ԱՄԷ քաղաքացիություն։ Դրանից հետո ԱՄԷ-ն ավելի քան 75 մլն դոլար է ներդրել «Տելեգրամ»-ում, նշում է պարբերականը։