ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է դեկտեմբերի 1-ին:
«Օրվա նպատակն է բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին գլոբալ իրազեկությունը և միջազգային համերաշխություն ցուցաբերել համաճարակի դեմ պայքարում: Ամբողջ աշխարհում մարդիկ միավորվում են՝ աջակցություն ցուցաբերելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և հիշելու ՁԻԱՀ-ի հետ կապակցված հիվանդություններից մահացածներին: Այս տարվա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է` «Վե՛րջ դնենք անհավասարությանը», «Վե՛րջ դնենք ՁԻԱՀ-ին» և «Վե՛րջ դնենք համավարակներին»:
Վիճակագրական տվյալների համաձայն` 2020 թվականին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող մարդկանց գնահատված թիվը կազմել է 37,7 միլիոն, որոնց շուրջ 73%-ն ընդգրկված է եղել հակառետրովիրուսային դեղերով բուժման ծրագրում: Նույն ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 1 միլիոն 500 հազար նոր դեպք և 680 հազար մահ` ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից:
Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով (վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: ՀՀ քաղաքացիների շրջանում 1988-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանում ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 4498 դեպք, որից 2184-ը եղել են ՁԻԱՀ-ով դեպքեր: Նույն ժամակահատվածում այդ հիվանդությունից մահացածների թիվը կազմել է 1012: 0-15 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 74, որից ՁԻԱՀ-ի` 41 դեպք:
- Առողջապահության նախարարությունում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը
- ՀՀ Առողջապահության Նախարարությունը անդրադարձել է վճարովի հիմունքներով կորոնավիրուսային թեստավորմանը
ՀՀ քաղաքացիների շրջանում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 344 նոր, որից 163-ը` ՁԻԱՀ-ի դեպքեր: Գրանցվել է մահվան 81 դեպք, որոնցից 61-ը` արական և 20-ը` իգական սեռի շրջանում: Հղիության ընթացքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 17 դեպք։
Դեպքեր են գրանցվել նաև օտարերկրյա քաղաքացիների շրջանում` 1988-2021թթ. հոկտեմբեր ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, 242 դեպք, որոնցից 20-ը` 2021 թվականի ընթացքում:
2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` Հայաստանում իրենց կարգավիճակն իմացող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է 3489, որոնցից հակառետրովիրուսային բուժման մեջ ընդգրկված է 2603 մարդ:
Նշենք, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում մեր երկիրը բազմաթիվ հաջողություններ է գրանցել։
Նոր կորոնավիրուսային համավարակն (COVID-19), ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լրջագույն մարտահրավեր է
Սակայն պետք է փաստենք, որ քաղաքացիական հասարակության գործընկեր կազմակերպությունների հետ մեր համատեղ ջանքերի շնորհիվ` COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակում մեր երկրում հակառետրովիուսային բուժման ընդհատումներ գրեթե չեն եղել:
Այսօր ևս մեկ անգամ հարկ է նշել, որ միավորելով ջանքերը` կշարունակենք աշխատել մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ի համաճարակը վերացնելու ուղղությամբ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանված 95-95-95 թիրախներին համահունչ, որը ենթադրում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 95%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 95%-ը պետք է ստանա բուժում, և բուժվողների
95%-ի մոտ պետք է գրանցվի վիրուսային ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։