fbpx
Կրթություն

Ձեր պահանջը քաղաքական է․ ԵՊՀ ռեկտորը՝ ուսանողներին

Ես նամակին պատասխանել եմ, նամակի պատասխանը հրապարակելու փոխարեն, դուք անում եք ձեր մեկնաբանությունները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի առաջ նստացույց իրականացնող ուսանողներին ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

«Ճիշտ կլինի՝ նամակի պատասխանը հրապարակեք, հարցերը կփակվի։ Նամակում հստակ գրված է այն ամենը, ինչը, որ պետք է գրվեր»,-ընդգծեց Գևորգյանը։

Ռեկտորի պաշտոնակատարը խնդրեց կարդալ համալսարանի կանոնադրությունը և շարժվել կանոնադրությունով։

«Գիտխորհրդի արտահերթ նիստ հրավիրելու ձևաչափ կա, ե՞րբ, ո՞ր դեպքում կարելի է հրավիրել։ Ես հղումն արել եմ»,-հավելեց նա։

Գևորգյանի խոսքով՝ գիտխորհրդի կազմի ուսանողներին և դասախողներին ասել է, որ կարող են իրենց կարծիքն ազատ արտահայտել, բայց ցանկալի է, որ կարծիք հայտնելուց անվանական լինի։

«Խնդրում եմ, որ դասախոսները կարծիք են արտահայտում, չասեն ես միանում եմ ուսանողների առաջարկին։ Գիտակից, չափահաս և բավական մեծ վաստակ ունեցող մարդիկ են, արժե, որ իրենց կարծիքն անվանական գրեն։ Չի բացառվում, որ մեկի մեկնաբանությունը, մեկի փաստարկը տարբերվի մյուսի փաստարկից, չի բացառվում, որ մեկի փաստարկը լինի այնքան ուժեղ, որ ձեր ուզածն անցնի»,-ասաց նա։

Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ պահանջը պետք է ուղղված լիներ աշխատանքային կամ ուսման պայմանների բարելավմանը կամ ինչ-որ բաներից դժգոհելուն, սակայն այստեղ պահանջն այլ է։

«Ձեր պահանջը քաղաքական է, ձեր պահանջն ուղղված է ԱԺ-ին։ Դուք օրենքով ուզում եք ինչ-որ բան ամրագրել, կարևոր չէ, թե ինչ»,-ասաց նա։

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը ռեկտորի պաշտոնակատարին ասաց, որ ակցիան ուղղված չէ ոչ ռեկտորի դեմ, ոչ էլ Արայիկ Հարությունյանի կամ ԱԺ-ի ինչ որ խմբակցության դեմ։

«Ակցիան նպատակ է հետապնդում թեման համալսարանում քննարկման առարկա դարձնել։ Ի սկզբանե մենք պահանջ բառն էլ չենք օգտագործել, մենք ասել ենք, որ խնդրում ենք համալսարանի ղեկավարությանը անցկացնել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի այս հարցը։ Չգիտեմ ինչից է ստեղծվել այն տպավորությունը, որ պահանջը քաղաքական է»,-ասաց Գալստյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ