ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում իրականացվել է Հրազդան գետի՝ Երևանի տարածքով անցնող հատվածի հատակային նստվածքներում Fe, Co, Ti, V, Mn, Ba, Cu, Pb, Zn, Mo, Cr, Sr, Rb, և Zr պարունակությունների ուսումնասիրություն և բազմաչափ վիճակագրական վերլուծություն: Արդյունքների համաձայն՝ ուսումնասիրված տարրերը հանդես են գալիս երեք առանձին երկրաքիմիական ասոցիացիաներով՝ Fe-Co-Ti-V-Mn-Zr (I), Cu-Pb-Mo-Zn-Cr (II) և Sr-Ba-Rb (III):
«Ցանկացած միջավայր ունի որոշակի քիմիական կազմ: Այդ քիմիական կազմում տեղ գտած տարրերը հանդես են գալիս փոխկապակցված կամ իրարից անկախ: Իրար հետ հանդես եկող տարրերը ներկայացնում են երկրաքիմիական ասոցացիաներ: Այդ ասոցացիաները կարող են փոփոխվել միջավայրի քիմիական կազմի փոփոխմանը զուգընթաց: Բնական վիճակում գտնվող միջավայրի քիմիական կազմի երկրաքիմիական ասոցացիաները ֆոնային են: Քաղաքային միջավայրում, անթրոպոգեն աղբյուրներով պայմանավորված, ֆոնային երկրաքիմիական ասոցացիաները վերափոխվում են, փոփոխվում է քիմիական տարրերի կազմը: Տվյալ հետազոտության արդյունքում ստացվել է, որ Հրազդան գետի Երևանի տարածքով անցնող հատվածի հատակային նստվածքներում Fe-Co-Ti-V-Mn-Zr և Sr-Ba-Rb տարրերի երկրաքիմիական ասոցացիաները մնացել են բնականին մոտ, իսկ Pb-Mo-Zn-Cr խումբն անթրոպոգեն ազդեցության արդյունքում ձևավորված ասոցացիա է»,- ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Գևորգ Տեփանոսյանը: Ըստ նրա՝ ուսումնասիրության կիրառական նշանակությունն այն է, որ վեր է հանում անթրոպոգենեզի պայմաններում քաղաքային միջավայրի գետային նստվածքների քիմիական կազմի փոփոխության գործընթացի առանձնահատկությունները: Հետազոտություններին մասնակցել են երիտասարդ գիտնականներ:
Ուսումնասիրությունն իրականացվել է պետության կողմից հատկացված բազային ֆինանսավորման շրջանակներում:
