fbpx
Մշակույթ

Էդմոնդ Քեշիշյան | Wood Spirits փայտե դիմաքանդակներ

Էդմոնդ Քեշիշյանը ծնվել է 1967 թ.-ին Թեհրանում: 1970 թ.-ին, 3 տարեկան հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայրենիք: Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Հայաստանում: «1985-87 թթ.-ին ծառայել եմ Կրասնոյարսկի մարզում»։ Ինչպես նա է ասում՝ «Զեկերի հետ տայգայում ծառ եմ կտրել…»։ Բանակից վերադառնալուց անմիջապես հետո` 1988 թ.-ին, տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և բնակվել Գլենդել քաղաքում, որտեղ մինչև հիմա ապրում է կնոջ և երկու դուստրերի հետ:Էդմոնդը լուսանկարիչ է։ Արվեստագետը մեկ տարի առաջ սկսել էր փայտե դիմաքանդակների շարք ստեղծել, ինչը գրավեց մեր ուշադրությունը, և որոշեցինք զրուցել նրա հետ ու Ձեզ ներկայացնել նրա ստեղծագործությունները։    

Ինչու՞ փայտի վրա փորագրեցիք դիմաքանդակներ և երբ սկսեցիք։

Ինչքան հիշում եմ միշտ ցանկացել եմ փորագրել, բայց տարբեր պատճառներով չի հաջողվել: Երևի նրանից է, որ միշտ ինչ որ ստեղծագործական մեդիում եմ ունեցել` գեղանկարչություն, երաժշտություն, լուսանկարչություն, գրաֆիկա: Քանդակել սկսեցի մեկ տարի առաջ:

Հիմա ասեմ, թե ինչպես եղավ: Հայրս և մայրս ապրում էին մեզ հետ: Հայրս մեր բակում ուներ խաղողի վազ, որը ինքն էր տնկել և մեծ հոգատարությամբ խնամում էր, իսկ վազը այնպիսի խաղող էր տալիս, որ մի ձեռքով չէիր կարող բարձրացնել՝ առողջ, բուրալի, քաղցր, մի խոսքով՝ հրաշալի բերք էր տալիս, մենք էլ վայելում էինք:

2007-ին հայրս հանկարծակի մահացավ, մեկ օր հիվադ լինելուց հետո: Հիշում եմ այդ օրը: Աշխատանքից վերադարձա. կինս ինձ քաշեց մի կողմ և որպեսզի երխեքը չլսեն ասաց, որ հայրիկը լավ չի: Ասելու տոնից հասկացա, որ լուրջ իրավիճակ է: Վազեցի մերոնց սենյակ։ Խոհանոցում մայրս սուպ էր պատրաստում: Առանց հապաղելու վազեցի դեպի ննջասենյակ, բայց անկողինը դատարկ էր: «Մամ, ուր ա պապան»,- հարցրեցի։ «Հենց նոր բաղանիք մտավ»,- ասաց նա։ Չգիտեմ ինչպես բացատրեմ, բայց միանգամից վազեցի դեպի բաղանիք ու դուռ բացեցի     

Չգիտեմ ինչը դրդեց, որ դա անեմ: Դուռը բացեցի, տեսնեմ հայրս դեռ շորերով կանգնած է դիմացս: Հենց նույն վայրկյանին ձեռքը մեկնեց ինձ ու սկսեց ընկնել: Միանգամից ընկնելու ընթացքում գրկեցի, որ չնկնի և հենց այդ վարկյանում մեր աչքերը հանդիպեցին իրար, բայց այն ինչ տեսա դա իմ հայրը չէր: Դեմքը, որ տեսա, դա մի հին, դարերով ապրած ծերունի էր: Դեմքը կնճիռներով լի, աչքերը փոս ընկած, բայց ուշադիր, մազերը երկար և ամբողջովին սպիտակած: Մահն ինքը, անմահ, բայց բարի:

Սա տևեց մի ակնթարթ, բայց այդ դեմքը երկար ժամանակ ինձ հետ էր: Հայրս մահացավ ձեռքերիս մեջ, իմ գրկում` խաղաղությամբ: Հորս մահից անմիջապես հետո խաղողի վազը հիվանդացավ և, չնայած մեր ջանքերին, երկու տարվա մեջ չորացավ: Ձեռքս չէր գնում կտրեի, քանի որ Հայրիկիս էր հիշեցնում, բայց տարիներ անց կտրեցի և բոլոր մեծ ճյուղերը պահեցի այն նպատակով, որ մգուցէ օրերից մի օր օգտվեմ:

11 տարի պահելուց հետո աչքս կրկին ընկավ ճյուղերի կույտին: Չգիտեմ ինչը դրդեց, որ արմատներից մեկը վերցնեմ և սկսեմ գրպանիս փոքր դանակով, կյանքումս առաջին անգամ, քանդակել: Ամբողջ օրը դրանով զբաղվեցի՝ խաղաղ, դանդաղ, առանց շտապելու: Երեկոյան կողմ վերջացրեցի: Ավարտած գործը հենեցի պատին, որ ուսումնասիրեմ ամբողջովին: Նայեցի և միանգամից կարծես մի բան կատարվեց հետս: Նույն ծերունու դեմքը նայում էր ինձ: Չգիտեմ, հնարավոր է ես եմ կապում այս ամենը իրար հետ, բայց դե ո՞վ գիտի: Չեմ կարող ժխտել այն ամենն, ինչ կատարվեց ինձ հետ:

Դրանից մի քանի օր հետո պրոֆեսիոնալ քանդակելու գործիքներ գնեցի և շարունակեցի քանդակել: Մինչև այսօր քանդակում եմ և յուրաքանչուր քանդակ ինքն է որոշում իր դեմքը և խարակտերը: Մի բան շատ կարևոր է, որ բոլորն էլ հին ոգիներ են, որոնք միայն ներշնչում են սեր, խաղաղություն և անվախություն:      

Միայն ծառարմատնե՞ր են, թե՞ ճյուղեր կամ գուցե տարբեր մասեր։ Խորհուրդ կա՞ արդյոք, թե ծառի որ մասից է ստեղծվում քանդակը։

Առաջին քանդակն, ինչպես ասեցի, խաղողի փայտ էր, որը շատ խիտ և պինդ էր ու դժվար էր քանդակելը: Հիմնականում քանդակում եմ փափուկ փայտերի վրա: Իսկ փայտերը հավաքում եմ չորացած ծառերից: Վերջին մի քանի ամսում սկսել եմ քանդակել Cottonwood bark (հյուսիսամերիկյան բարդի) ծառի կեղև վրա, որը շատ հաստ է և իդեալական փորագրելու համար: Իհարկե ունեմ նաև քանդակներ արմատներից: Իմ արած քանդակների համար իդեալական է հենց Cottonwood-ի կեղևը: Վերջերս մտահղացում ունեմ քանդակելու էբոնիտի կամ քոքոբոլոյի վրա, որոնք պատկանում են ամենակարծր և ամենախիտ փայտերի շարքին:

Ի վերջո, ովքե՞ր են այդ դեմքերը։

Արդեն նշեցի, թե ովքեր են այդ դեմքերը, բայց քանի որ կրկին հարցնում ես, ապա կասեմ, որ դրանք բոլորն էլ ես եմ:

Վերջերս չենք տեսնում նոր քանդակներ։ Մուսան եկավ, արարեց ու գնա՞ց։

Դե մուսան միշտ էլ գալիս ու գնում է: Ես երբեք չեմ աշխատում հրավիրել: Երբ ներշնչանքը գալիս է, ընդունում եմ սիրով, իսկ երբ հեռանում է, չեմ փորձում պահել:

-Ե՞րբ սպասենք նոր հավաքածուների։

-Շատ շուտով կներկայացնեմ նոր շարք:     

Լուսանկարները՝ Էդմոնդի ֆեյսբուքյան էջից։

Աղբյուրը՝ news.1dr.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ