«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Բազմիցս եմ նշել, որ մեր երկրում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։ Սա շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած մտահոգիչ և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տանք 2021 թվականի ընթացքում», – գրել է Պետրոսյանը։
Նա նշել է, որ իր հրամանով ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի մշակման ակտիվ աշխատանքներ է տանում։ Նոր օրենքի ընդունմամբ ակնկալվում է նախևառաջ նոր որակի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և Ռազմավարական էկոլոգիական գնահատման ինստիտուտի կայացում և գործընթացի մասին հանրային ընկալումների փոփոխություն։ «Պետք է փոխվեն ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը», – գրել է Պետրոսյանը։
Նախարարը նշել է, որ այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին և իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված։
Նրա խոսքով՝ աշխատանքային քննարկումներն ուղեկցվում են բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ քննարկումներով։
Նախարարը ներկայացրել է նաև արենքի փոփոխության նախագծի առանցքային կետերը՝
ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից,
հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին,
ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը,
օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին,
հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը,
հստակեցնել ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերի և գործունեության տեսակների շրջանակը և այլն:
Առաջիկա 2-3 ամիսներին նոր օրենքի նախագիծը վերջնական պատրաստ կլինի՝ բոլոր ինստիտուցիոնալ լուծումներով։ Այն կներկայացվի շահագրգիռ բոլոր կողմերի քննարկմանը, և հանրային լայն քննարկումներից հետո սահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ։
«Այս փոփոխությունների վերջնարդյունքում մենք ունենալու ենք պետության կողմից մանդատավորված փորձաքննությունների կենտրոն, որն օժտված է լինելու լայն լիազորություններով, լինելու է ավելի ազդեցիկ և իրականացնելու է լուրջ խորքային ու բովանդակային գործառույթներ», – եզրափակել է խոսքը Պետրոսյանը։