fbpx
Կառավարություն
15:00 14/01/2020

Էկոնոմիկայի նախարարը՝ պարգևավճարների մասին

Մեզ անհրաժեշտ է արդյունավետ կառավարում, որպեսզի մենք լավագույն պայմաններն ապահովենք մնացած բոլոր ոլորտները զարգացնելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նա անդրադարձավ դիտարկմանը, որ կենսաթոշակները բարձրացել են 10 տոկոսով, մինչդեռ պաշտոնյաները հսկայական պարգևավճարներ են ստանում:

«Կառավարությունը չի անտեսել նաև կենսաթոշակները բարձրացնելու հարցը. գիտեք, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, դրական տեղաշարժեր են արձանագրել, որոնք հիմք են հետագա փոփոխությունների համար»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ կենսաթոշակներն ու պարգևավճարները երկու տարբեր հարցեր են։

«Մեզ անհրաժեշտ է արդյունավետ կառավարում, որի համար անհրաժեշտ է, որ պետական համակարգում լինեն պատշաճ գիտելիքներ և որակավորում ունեցող անձինք, և նրանք պետք է որոշակի պայմաններ ունենան այդպես աշխատելու համար: Դա մնացած բոլոր լորտներում արդյունավետ բարեփոխումների իրականացման հիմք պետք է հանդիսանա»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ պարգևավճարների հարցում երկու մոտեցում կա՝ վճարել բոլորին հավասար և կիրառել տարբերակված մոտեցում։ Նախարարն ասաց, որ ինքը՝ որպես կառույցի ղեկավար, ընտրել է երկրորդ սկզբունքը։

«Ես սկզբունքորեն դեմ եմ առաջին մոտեցմանը և կարծում եմ, որ պարգևավճարը պետք է վճարվի այն աշխատակիցներին, որոնք առանձնահատուկ ջանքեր են ցուցաբերում, առանձնահատուկ աշխատանքային արդյունավետություն ունեն և նման չեն միջինին»,-ասաց Խաչատրյանը։

Այս սկզբունքի կիրառմամբ, նրա մեկնաբանությամբ, նախարարությունում եղել են աշխատակիցներ, որոնց ստացած պարգևավճարները տարվա ընթացքում գերազանցել են աշխատավարձի չափը։

Իսկ թե որ աշխատակիցը որքանով պիտի պարգևատրվի՝ որոշում են նախարարի տեղակալները։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Ամանորից առաջ՝ դեկտեմբերին, խրախուսվել են բոլորը՝ անկախ աշխատանքի որակից։

«Նախարարի տեղակալների հետ խորհրդակցելով մենք որոշեցինք, որ այդ ամսվա ընթացքում բոլորը պետք է ստանան, բացառություններ չենք արել»,-ասաց Խաչատրյանը։

Իսկ տարվա ընթացքում, նրա խոսքով, պարգևատրվել է նախարարության աշխատակիցների ավելի քան 80 տոկոսը։ Դրանցից 20 տոկոսն, ըստ նախարարի՝ բավականաչափ բարձր, մյուսները՝ միջին չափով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ