Հուլիսի 9-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտնել է, որ Եվրամիությունը 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը, որոնք ուղղված են երկրում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանը: Իսկ ընդհանուր առմամբ, Եվրամիությունը այս ծրագրի ներքո կարող է 2,6 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար:
Օլիվեր Վարհեին հավելել է, որ Հայաստան կատարած իր այցելության նպատակը տնտեսական և ֆինանսական ներդրումների այն մեծ փաթեթն է, որն ինքն իր հետ բերել է որպես նվեր հյուրընկալող հայկական կողմին:
«Կարծում եմ՝ այս ծրագիրը լրջագույն հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար, և ես լիահույս եմ, որ մենք կարող ենք վարչապետի և փոխվարչապետի հետ ակտիվորեն աշխատել, որպեսզի սա իրականություն դառնա: Արդյունքներն ապահովելու համար 4 տարի ժամանակ ունենք: Ես իմ կողմից պատրաստ եմ», – նշել է Օլիվեր Վարհեին:
Նա հավելել է, որ պատրաստ են շատ մեծ չափի ներդրումը շատ օպերատիվ ձևով իրագործել Հայաստանի տնտեսական վերականգնման համար՝ Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանի հետ միասին:
«Մենք աշխատել ենք այս ծրագրի վրա Հայաստանի կառավարության հետ միասին: Այս ծրագրի արդյունքում տնտեսական աճը և աշխատատեղերի ավելացումը պետք է հնարավորինս արագ ապահովվեն համավարակից հետո, քանի որ Հայաստանը և հայ ժողովուրդը աշխատատեղերի և տնտեսական աճի կարիք ունեն այս ճգնաժամը հաղթահարելու համար», – ասել է Եվրամիության հանձնակատարը՝ պարզաբանելով, որ իրենք ցանկանում են ստեղծել առևտրային ուղիներ և կապակցվածություն եվրոպական շուկաների և եվրոպական տնտեսության հետ, որի միջոցով կկարողանան այս տարածաշրջանը շատ ավելի արագորեն մոտեցնել Եվրամիությանը: