ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ նոյեմբերին նախատեսված ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ոչ ֆորմալ գագաթնաժողովին քննարկվելու էր Չինաստանի հետ հարաբերություններում ԵՄ քաղաքականությունը:
«Ես այսօր հստակ հասկացրեցի, որ, ցավոք, նոյեմբերին պլանավորած ոչ ֆորմալ գագաթնաժողովը չենք կարողանա անցկացնել կորոնավիրուսի համավարակի պատճառով, ստիպված ենք հրաժարվել այդ մտքից»,- ասել է Անգելա Մերկելը:
Սեպտեմբերին Լեյպցիգում նախատեսված ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը ևս նույն պատճառով չեղարկվել էր: Փոխարենն ընդամենը տեսակոնֆերանս էր տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցինփինի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի մասնակցությամբ: