«Մենք շեշտում ենք մեր եվրոպական միասնությունը և մեր հանձնառությունն առ այն, որ Ղրիմի հարցը մեր օրակարգի գերակայությունների մեջ է, և մենք կշարունակենք իրականացնել անօրինականության չճանաչման մեր քաղաքականությունը: Ղրիմն Ուկրաինան է»,- ասել է Ֆեդերիկո Մոգերինին ԵՄ խորհրդի նիստի բացման ժամանակ:
Մոգերենին հիշեցրել է, որ ԵՄ-ն չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը, «դա միջազգային իրավունքի խախտում է»: «Մենք լիովին համաձայն ենք Ուկրաինայի հետ՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում», – ընդգծել է Մոգերինին:
Դիվանագետը հայտարարել է, որ վերջին հինգ տարիները ցույց են տվել Ղրիմի թաթարների հիմնարար ազատությունների և իրավունքների պարբերական խախտումները: Այս կապակցությամբ նա նշել է ռուսական բանտում գտնվող ռեժիսոր Օլեգ Սենցովի անունը, ով անցյալ տարի Սախարովի անվան մրցանակ է ստացել:
«Շատ ուրիշներ դատապարտվեցին Ռուսաստանի կողմից՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Մենք կոչ ենք անում մարդու իրավունքների բոլոր խախտումները հետաքննել և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին ազատ մուտք տրամադրել թերակղզի»,- ասել է նա:
Բացի դրանից՝ Մոգերինին նշել է, որ Ղրիմի և Սևաստոպոլի ռազմականացումը բացասաբար է անդրադարձել Սևծովյան տարածաշրջանի անվտանգության վրա, իսկ անցյալ տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում լարվածության աճը Ղրիմի անօրինական անջատման հերթական հետևանքն էր: