Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2020 թվականի հունվարի 31-ը։ Այս մասին հաղորդում է DW-ը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի հայտարարությանը:
Սահմանափակող միջոցներն անդրադառնում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտների, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների վրա:
ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումն ընդունվել է մի տեղեկության հիման վրա, որը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 20-21-ը ներկայացրել են Եվրոպական խորհրդին՝ մեկնաբանելով Մինսկի համաձայնագրերի իրականացման վիճակը:
Մերկելի և Մակրոնի զեկույցների հիման վրա ԵԽ-ն պահանջել է անհապաղ վերսկսել բանակցային ջանքերը՝ Մինսկի համաձայնագրերի իրականացման և կողմերի միջև վստահության միջոցների կիրառման համար:
Տնտեսական պատժամիջոցները ներառում են նաև ԵՄ առաջնային և երկրորդական շուկա հասանելիության սահմանափակումը ռուսական 5 ֆինանսական հաստատությունների համար, ինչպես նաև զենքի առևտրի արտահանման և ներմուծման արգելք ու մի շարք այլ սահմանափակող միջոցներ:

