ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետները ստուգում են իրականացրել քաղաք Երևան, Ն․ Զարյան փողոց, 104/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։
«Ստուգման արդյունքում Տեսչական մարմինը պարզել է, որ կառուցապատում իրականացնող Ս․ Օ․-ն, պատշաճ իրազեկված լինելով վերոնշյալ հասցեում Տեսչական մարմնի կողմից ստուգման իրականացման մասին, խոչընդոտել է ստուգումների իրականացմանը․ չի տրամադրել ստուգման համար անհրաժեշտ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերը։ Բացի այդ, կառուցապատում իրականացնողը հրաժարվել է արձանագրությունը ստորագրելուց և մեկ օրինակը ստանալուց։
- ՔՏՀԱ տեսչական մարմինը հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումների հիմքով դիմել է դատախազություն
- ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Կենտրոնը և Նորք-Մարաշը
Վերոնշյալ արարքի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Մասնավորապես՝ օրենսգրքի 1821–ին հոդվածի համաձայն՝ իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում (բացառությամբ հարկային հսկողության շրջանակներում իրականացվող ստուգման) իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 250-ապատիկի չափով:
Հիմք ընդունելով կատարված խախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1821–ին հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կառուցապատող Ս․Օ-ին ենթարկել է վարչական պատասխանանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 100․000 (հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ: