fbpx
Իրավական

Կեղծ 100-դոլարանոցներով գնումներ արած երիտասարդը ձերբակալվել է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էին 19՝ 100-դոլարանոց, 2՝ 20 000-դրամանոց և 2՝ 1000-դրամանոց կեղծ թղթադրամներ: Երիտասարդը և հայտնաբերված կեղծ թղթադրամները ներկայացվել էին Արաբկիրի քննչական բաժին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Դեկտեմբերի 17-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որ «List. am» կայքում հայտարարություն էր տեղադրել իր երկու «Այֆոն» բջջային հեռախոսները վաճառելու վերաբերյալ: Դեկտեմբերի 12-ին հանդիպել է մի անծանոթ երիտասարդի, որը հեռախոսների դիմաց, չարաշահելով իր վստահությունը, վճարել էր 3000 դոլար կեղծ թղթադրամներով:

Պարզվել է, որ նշված արարքը կատարել էր դեկտեմբերի 16-ին բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը:

Դեկտեմբերի 18-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել Ղուկասավան գյուղի մի բնակիչ: Նա «List. am» կայքում հայտարարություն էր տեղադրել «ipone pro 14» մոդելի բջջային հեռախոսը վաճառելու վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին հեռախոսը գնելու նպատակով նրան էր զանգել մի երիտասարդ: Հանդիպել էին, և վճարելով 1400 դոլար՝ երիտասարդը գնել էր հեռախոսը, իսկ հետագայում ղուկասավանցին հասկացել է, որ 14 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամները կեղծ են:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել էր նույն՝ դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված 20-ամյա երիտասարդը:

Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

20-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ