Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոր անհանգստություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Էրդողանն այս մասին Twitter-ի էջում գրառում է արել և խստորեն քննադատել Իսրայելի իշխանություններին։
Էրդողանն իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ վերջինիս գործողությունները որակելով «վայրագ հարձակումներ»։ Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է, որ Անկարան շարունակելու է զորակցել պաղեստինցիներին։
Բացի Էրդողանից Իսրայելի գործողությունները դատապարտել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Հիշեցնենք, որ նախօրեին հրեա ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ Աքսայի մզկիթը գրոհելու հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել են ավելի քան 200 պաղեստինցիներ:
