Ես հարկ եմ համարել ներողություն խնդրել, հարկ չեմ համարել հրաժարական տալ․ Ավանեսյան

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Արցախի պատերազմում զոհվածների դիերի ոչ պատշաճ պահման պայմաններին, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ասել է, երբ ոլորտում գրանցվում է խախտում, ոչ ճիշտ վերաբերմունք, սխալ, ապա տվյալ խնդիրը պետք է վեր հանվի, գնահատական տրվի, ոչ թե գնահատական տրվի ընդհանրական ողջ համակարգին։

«Դիերի հետ կապված բոլոր մանրամասները չափազանց զգայուն, նուրբ թեմաներ են, որոնց վրա կարելի է շահարկել ցանկացած բան։ Ես զարմացած եմ, որ անգամ դիակների՝ պարկերում լինելը դարձավ մեծ քննարկման առիթ, որը ինձ համար անընդունելի է։ Որոշակի շահարկումները խառնվում են կոնկրետ պրոբլեմի հետ, և այսպես փոթորիկներ են հրահրվում»,-ասել է Ավանեսյանը և վերահաստատել, որ միանշանակ պետք է դրանք պարկերի մեջ լինեին։

Անդրադառնալով միջադեպքի պատճառով հրաժարական տալու հրամայականին՝ նա նշել է, որ անհրաժեշտություն չի համարել, և որ ներողությունը համարել է բավարար։

«Պատշաճ եմ համարել, որ նման նուրբ թեման լրացուցիչ ցավ է պատճառել հարազատներին, և այո՛, կրելով պատասխանատվություն՝ ներողություն եմ խնդրել, և դա էլ պետք է մտնի մեր մշակույթի մեջ։ Ես հարկ եմ համարել ներողություն խնդրել, հարկ չեմ համարել հրաժարական տալ, որովհետև կարծում եմ, որ կոնկրետ անձի կողմից կա բացթողում»,-ասել է նա։

Ամենաթարմ