fbpx
Հայաստան
09:17 20/10/2019

Եթե Ադրբեջանն ունենար այն փաստարկները, որն ունի Հայաստանը, չէր թողնի մեզ քայլ անել որևէ միջազգային հարթակում. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանի ղեկավարությունը, պաշտոնական Բաքուն վերջին մեկ-երկու ամիսներին կտրուկ սրել է ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը Հայաստանի հանդեպ։ Այս նոր սրացումը սկսվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» խոսքերից, որին ի պատասխան, նախ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց թե «մենք մեր խոսքը ռազմի դաշտում կասենք»։ Հետո՝ հոկտեմբերի սկզբներին, ՌԴ Սոչի քաղաքում գումարված «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի ամենամյա համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ասելով, թե «Ղարաբաղը վաղնջական ժամանակներից ադրբեջանական հող է և ամբողջ աշխարհի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Այնպես որ՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»։

Այսքանով Ալիևի դիվանագիտական-քարոզչական գրոհը չավարտվեց։ Բոլորն են թերևս հիշում հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպը, երբ Ալիևը փորձեց «անհարմար վիճակի մեջ դնել» Փաշինյանին՝ կլոր սեղանի շուրջ հայտարարելով, թե իբր «Հայաստանում հերոսացնում են ֆաշիզմը» ու մասնավորապես «գերմանացի ֆաշիստների մոտ ծառայած» Գարեգին Նժդեհին, որին աշխարհի «ամենատոլերանտ» երկրի նախագահն անվանեց «ֆաշիստական դահիճ ու դավաճան»։ Ո՞ւմ է Նժդեհը դավաճանել՝ Ալիևն, իհարկե, չասաց։ Նաև մոռացավ հիշեցնել քնած հայ սպային կացնահարած իրական դահճին՝ Սաֆարովին իր իսկ կողմից, ամենաբարձր մակարդակով հերոսացնելու մասին։ Բայց ամեն դեպքում արժանի պատասխան ստացավ Հայաստանի վարչապետի կողմից ու հենց ինքը ծիծաղելի վիճակի մեջ հայտնվեց։

Շուտով, սակայն, պարզվեց, որ 1918-21 թթ․-ին Հայաստանը Ալիևի պապերից՝ թուրք-թաթարական զավթիչներից ու իրեն այդքան հոգեհարազատ բոլշևիկներից պաշտպանած Նժդեհի դեմ կեղտոտ արշավը ամենևին էլ պատահական չէր։ Սա բազմաքայլ կոմբինացիա էր, որի հաջորդ քայլը նա պիտի աներ Բաքվում՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին, որին մասնակցում էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Եվ այդ քայլը՝ Ալիևի նոր հայտարարությունը, վերաբերում էր Զանգեզուրին՝ ներկայիս Սյունիքին, այսինքն՝ հայկական այն երկրամասին, որի հանձնումը կամ փոխանցումը նորաստեղծ խորհրդային Ադրբեջանին, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի, հնարավոր չեղավ միայն շնորհիվ նույն Նժդեհի ղեկավարած հերոսական ինքնապաշտպանության։ Բայց անհեթեթն այն է, որ հիմա Ալիևը հայտարարում է, թե Զանգեզուրը Հայաստանին «փոխանցել են», ինչը «հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

Էրդողանն էլ ասել է, թե «մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար։ Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»։

Հայաստանի Արտգործնախարարությունն արձագանքել է Բաքվում Ալիևի և Էրդողանի արտահայտություններին։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով»:

Իսկ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը իր հերթին նկատել է, որ Ալիևի հայտարարության մեջ առաջին անգամ հնչել է պանթյուրքիստական երանգ։

Ալիևի վերջին հայտարարությունների միջև տրամաբանական կապը նկատել են նաև հայ քաղաքական վերլուծաբանները։ Մասնավորապես, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը, «Տողերի արանքում» հաղորդաշարի թողարկման ընթացքում վերլուծելով վերջին իրադարձությունները, ցույց է տվել Ալիևի ծանր հռետորաբանության տողատակերը․ «Բաքվում տեղի ունեցավ թյուրքալեզու պետությունների ղեկավարների հերթական գագաթաժողովը, որի ժամանակ Ալիևը շատ ծանր հռետորաբանության անցավ և անգամ թույլ տվեց իրեն շոշափել Զանգեզուրին առնչվող խնդիրներ և շոշափել այն համատեքստում, որ Զանգեզուրը ՀՀ-ին «հանձնել» կամ «թողելը», դեռևս Խորհրդային Միության ժամանակ, իր հետ բերեց թյուրքալեզու աշխարհի մեջ «սեպ» ունենալուն։ Նժդեհ, Նժդեհի հետ կապված պատասխան՝ վերաբերող այդ նույն ժամանակահատվածին, Զանգեզուրի պահպանում, Զանգեզուրի շոշափում՝ թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովին։ Եթե ուշադիր լինենք՝ շղթան ուղղակիորեն ուրվագծվում է»։

Այս շղթան իրոք ակնհայտ է, բայց եթե սա բազմաքայլ կոմբինացիա է, ապա ո՞րն է դրա նպատակը։ Սրանք հերթական «ուռռա-հայրենասիրական» հայտարարություններն են՝ «ներքին լսարանի» համակրանքը շահելու համար, թե՞ սրանով Ալիևը, իր թուրք դաշնակցի հետ միասին, քարոզչական, գաղափարական հող է նախապատրաստվում Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ Կամ էլ՝ նման հայտարարություններով Ադրբեջանն առնվազն վերահաստատում է իր երկարաժամկետ ծրագրերը՝ կապված Հայաստանի հետ։ Սա վերաբերում է նաև մեր մյուս հարևանին՝ Թուրքիային, որը, թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով, մինչ օրս փայփայում է Մեղրիի շրջանով Ադրբեջանին միանալու երազանքը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման (2007-2012 թթ․) պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

– Տիկիլ Ալավերդյան, Ալիևի այս հայտարարությունները Ադրբեջանի ռազմավարական տեսլականի մասի՞ն են։ Սրանք պարզապես խոսքե՞ր են, թե՞ ինչ-որ պահի կարող են վերաճել գործողությունների, նոր ագրեսիայի Հայաստանի նկատմամբ։

– Նախ և առաջ սկսենք նրանից, որ ի տարբերություն մեր ներկայիս իշխանության՝ Ադրբեջանն ունի ռազմավարություն և այդ ռազմավարությունը հետապնդում է բավական պարզ ձևակերպված նպատակներ, որոնք իրենք չեն թաքցնում։ Խոսակցությունը Զանգեզուրի, Երևանի կամ այլ տարածքների մասին՝ ամեն դեպքում մենք պետք է հստակեցնենք, որ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը խոսում է մի քարտեզի վերականգնման մասին, որով նա 1919 թ․-ին դիմել է փարիզյան կոնֆերանսին, որ ճանաչվի մի տարածաշրջանով՝ Բաթումից մինչև Բաքու։ Եվ այդ տարածքի մեջ Հայաստանը մի եռանկյունի է՝ Սևանի կեսով՝ դեպի Երևան։ Այսինքն՝ մենք պետք է հստակեցնենք, որ սրանք պատահական քայլեր կամ պատահական արտահայտություններ չեն։

Իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը ուղերձ է գնացել Հայաստանի գործող վարչապետի կողմից։ Կարծում եմ՝ նրանք, ովքեր ավելի խորքային տեղեկությունների են տիրապետում, պիտի հարց տան՝ արդյո՞ք դա պատահական էր, արդյո՞ք դա զուտ ներքին լսարանի համար էր։ Ես ուժեղ չեմ այդ տեսությունների մեջ, բայց պետք է ասեմ, որ ադրբեջանական քաղաքականությունը և ռազմավարությունը շատ ավելի հստակ է ձևակերպված, ագրեսիվ, նվաճողական քաղաքականություն է։ Եվ կրկնում եմ՝ իրենք ունեն գծած քարտեզ, որին ձգտում են։ Եվ այս առումով մենք պետք է հստակեցնենք, որ Հայաստանի որևէ մարմնի կամ հաստատության կողմից որևէ հոդաբաշխ արձագանք չի լսվում։ Կարծես, թե չեն նկատում կամ կարող է՝ չեն պատկերացնում, որ դրանք բոլորը մեկ շղթայի օղակներ են։ Կարող է՝ դա ընկալվում է որպես պատահականություն։ Այնինչ կրկնում եմ՝ դեռ 1990-ական թթ․-ին եղել է Բաքու-Երևան հեռուստակամուրջ, և այդ ժամանակ հենց այդ հարցն եմ տվել՝ ցույց տալով քարտեզը, որով ժամանակին Ադրբեջանը դիմել է փարիզյան կոնֆերանսին, որ ճանաչվի «ծովից ծով Ադրբեջան» սահմաններով։ Ու երբ նա խոսում էր սահմանների անխախտելիության մասին, ես այդ քարտեզը ցույց տվեցի, ասացի՝ դուք ո՞ր սահմանների մասին եք խոսում, սովետակա՞ն սահմանների, թե՞ այս քարտեզը նկատի ունեք, նկատի ունեք այն, որ Արցախը դուրս է եկել Ադրբեջանից խորհրդային այն օրենքներով, որոնք չեն հակասել միջազգային նորմերին։ Մեզ մոտ դա չի ընկալվում։ Իսկ ես կարծում եմ՝ ձեր նշած ուղերձները խոսում են այն մասին, որ ադրբեջանցիները նոր՝ ավելի ագրեսիվ փուլ են սկսում և տարածաշրջանային հարցը դարձնում են աշխարհաքաղաքական՝ ընդգրկելով դրա մեջ այսպես կոչված՝ թյուրքական աշխարհը։ Եվ դուք ճիշտ եք՝ Նժդեհը և մյուս բոլոր հայտարարությունները, քայլերը մեկ շղթայի հետևողական օղակներ են։ Դրանք պատահական չեն հնչեցվում ու ներքին լսարանի համար չեն՝ ինչպես մեզ մոտ են կարծում։ Այլ հնչեցվում են, օրինակ, «Վալդայի» կոնֆերանսին՝ Սոչիում, որտեղ շատ այլ երկրների ներկայացուցիչներ կան, Թյուրքական խորհրդի համաժողովին և այլն։

Ես կոչ եմ արել մեր իշխանություններին և պատկան մարմիններին համաչափ արձագանքել այն նոր փուլի վերաբերյալ, որի մեջ ցուցադրաբար մտել է Ադրբեջանը։

– Մեր արձագանքը զուտ քարոզչական-տեղեկատվական դաշտո՞ւմ պիտի լինի, թե՞ նաև այլ բնույթի պատասխաններ և հետևություններ պիտի լինեն։

– Ես համոզված եմ, որ պետք է արձագանքել ոչ միայն պրոպագանդիստական և տեղեկատվական դաշտում։ Օրինակ, այն դեպքը, որ մի քանի օր առաջ ադրբեջանցիները կոտրել էին վարչապետի պաշտոնական կայքը, մեզ ստիպում է նախ և առաջ անվտանգային ասպեկտներից նայել բոլոր այդ խնդիրներին։ Ես տարիներ շարունակ՝ դեռևս առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք, պնդում էի, որ Հայաստանը ամբողջովին պասիվ դիրքորոշում ունի և այսպես կոչված՝ ռեակտիվ քաղաքականություն է վարում։ Այսինքն՝ սպասում է, որ ինչ-որ մի բան տեղի ունենա, որ նոր պատասխանի։ Այնինչ, եթե Ադրբեջանը ունենար այն փաստարկները, որ ունի Հայաստանը, չէր թողնի մեզ քայլ անգամ անել որևէ միջազգային հարթակում։ Մենք միջազգային հարթակներում չենք օգտագործել Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները, որոնք ամբողջությամբ հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Մենք դրանք չենք դարձրել քաղաքական օրակարգի հարց։ Դա նշանակում է, որ մենք տանուլ ենք տալիս։ Ապրիլյան պատերազմի մասին այսօր շատ են խոսում, և այդ կապակցությամբ պիտի ասեմ, որ պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ ամբողջովին պարտվում է դիվանագիտությունը, և քաղաքականությունը, աշխարհաքաղաքական տեսլականները կա՛մ բացակայում են, կա՛մ շատ թույլ են։ Սա է խնդիրը։

Եվ պատահական չէ, որ գրեթե բոլոր փորձագետները տարբեր ձևերով հայտնում են իրենց անհանգստությունը հակասական հայտարարությունների վերաբերյալ՝ Արցախը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, Արցախը Հայաստան է։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ պիտի վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Եվ այն հայտարարությունները, որոնք սադրիչ բնույթ ունեն։ Բայց արդյո՞ք այդ նպատակն է հետապնդել, օրինակ, վարչապետի կողմից արված այն հայտարարությունը, որ Արցախում կան ուժեր, որոնք ուզում են՝ պատերազմ սկսվի, հանձնեն հողերը և դրա պատասխանատվությունը թողնեն նոր իշխանությունների ուսերին։ Ներեցեք, դա արդեն շատ թույլ քայլ է լուրջ քաղաքական գործչի կողմից։ Ես իրոք անհանգիստ եմ և կցանկանայի, որ մեր մտահոգությունները ժամ առաջ փարատվեին։

– Վերադառնանք պանթյուրքիզմի հարցին։ Մեզ հետ զրույցներից մեկում Դուք ասել էիք, որ Թուրքիան ու Ադրբեջանը մոտակա 50 տարիներին չեն փոխելու իրենց ռազմավարությունը Հայաստանի հանդեպ, այն է՝ ոչ մի հայ, առավել ևս Հայաստան, առավել ևս երկու հայկական պետություն չպետք է լինի այս տարածաշրջանում:

– Անշուշտ։ Թուրքիան այսօր միջազգային հարաբերությունների մեջ վերապրում է այն նույն կանոնների կորուստը կամ վերանայումը, որ եղել է 1920-ական թթ․-ին։ Նա այն ժամանակ էլ օգտվել է այսպիսի խառը իրավիճակներում։ Եվ Թուրքիայի ներկայիս ակտիվությունը, լինի Սիրիայի, թե Իրաքի ուղղությամբ, և իր այն ձգտումը, երբ փորձում է ցույց տալ, թե հավասարազոր գործընկեր է Միացյալ Նահանգների հետ, պատահական չէ։ Եվ ես մի բան եմ միշտ ասում, որը կցանկանայի կրկնել։ Թուրքիան ունի երկարաժամկետ ծրագիր 500 տարվա համար։ Միջնաժամկետ ծրագիրը 300 տարվա համար է։ Իսկ կարճաժամկետը՝ 100 տարվա համար։ Հիմա այն, ինչ իրենք սկսել են 100 տարի առաջ, կցանկանային ավարտել այս 100 տարվա մեջ՝ 2020 թ․-ին։ Այսօրվա ակտիվությունը՝ Նախիջևան, Սիրիա և այլն, իրենց 100 տարվա ծրագիրն է, որն իրենք միշտ կարողանում են վերանայել՝ հանուն ավելի նվաճողական երանգներ մտցնելու։

– Պանթյուրքիզմի վտանգը Դուք իրակա՞ն եք համարում, թե՞ այն չափազանցված է։

– Այո՛, ես իրական եմ համարում, որովհետև չափազանցություն կարելի է համարել միայն որոշ արտահայտություններ։ Բայց Ադրբեջանի խորքային ծրագրի հանդեպ մենք գոնե պիտի պարզ պատկերացում ունենանք ու ամեն անգամ չասենք, որ սա չափազանցություն է։ Կան իրական ծրագրեր, նպատակներ, ռազմավարություն և վերջապես՝ քաղաքականությունը, որը չի թաքցվում ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին լսարանի համար։ Այն ուղղակիորեն ի ցույց է դրվում։ Վաղը մենք չենք էլ կարող ասել, որ սա եղել է անսպասելի։ Դրա համար ես կոչ եմ անում լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջ։

Աղբյուրը ՝ www.1in.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ