Մեզանում երկակի ստանդարտների կիրառման և ինքնիշխան վարքի կեղծիքի մասին Յանա Մանթաշևան այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Հայաստանյան քաղաքական դիսկուրսում մի վտանգավոր երևույթ է թափ հավաքում, որը կարելի է սահմանել որպես սելեկտիվ հակաավտորիտարիզմ։ Նրա էությունը կայանում է նրանում, որ «ժողովրդավարության», «մարդու իրավունքների» և «ինքնիշխանության» արժեքները ծառայեցվում են ոչ թե սկզբունքային համոզմունքներին, այլ զուտ տվյալ իշխանության գործարքային հաշվարկներին։
Ուրեմն ո՞նց է ստացվում, որ քննադատում են ռուսական բռնապետական համակարգն ու նեոիմպերիալիզմը, այն, որ Պուտինը ռազմական հանցագործ է, բայց նույն քննադատությամբ հանդես չեն գալիս Ալիևի պարագայում։ Եկեք ու համաձայնեք, որ այս դեպքում դուք կամ ինքներդ ձեզ եք հակասում, կամ պարզապես կեղծ եք։
Եթե Պուտինի ռեժիմը բնորոշվում է որպես ագրեսիվ դիկտատուրա, իսկ նրա գործողությունները՝ ռազմական հանցագործություն, ապա նույն տրամաբանությամբ Ալիևի վարչակարգը պետք է դիտարկվի որպես ոչ պակաս հանցավոր համակարգ և Ալիևը՝ որպես ռազմական հանցագործ:
Ալիևը, ով իրականացրել է Արցախի հայաթափումը, շրջափակումը, մշակութային ոչնչացումը, պատերազմը, պահում է գերիներ, իրականացնում է անօրինական դատավարություններ ու այլ՝ բոլորիս համար հայտնի հանցագործություններ, հանդիսանում է ռազմական հանցագործ և նույն բռնապետական համակարգի մասը։ Նրան ոչ միայն չեն ենթարկում նույն քննադատությանը, այլ նաև փորձում են ներկայացնել որպես ապագա «բարեկամ»։ Սա ոչ թե քաղաքական ռացիոնալիզմ կամ դիվանագիտություն է, այլ արժեքային կոռուպցիա, որտեղ մի բռնապետական համակարգի մյուսով փոխարինելը ներկայացվում է որպես առաջընթաց կամ խաղաղություն։
Ռազմական հանցագործից չեն մուրում խաղաղություն, այլ պահանջում են, որ նա դատապարտվի միջազգային իրավունքի ներքո և ստանա պատիժ։ Իսկ մենք, դրան հասնելու փոխարեն կամ պապացուցելու, միջազգային հարթակում վարում ենք էնպիսի արտաքին քաղաքականության որով «ապացուցում» ենք, որ Ալիևը գործում է օրենքի շրջանակներում, և այս կերպ լեգիտիմացնում ենք նրա ռազմական հանցագործությունները։
Եթե դուք պայքարում եք ռուսական հիբրիդային պատերազմի դեմ ու առավոտից իրիկուն նույն «պլաստինկան» եք միացնում, ապա բարի եղեք նաև նույն ձևով պայքարել Ալիևի հիբրիդային պատերազմի դեմ, այլ ոչ թե ձևացնել, թե միակ վտանգը գալիս է Ռուսաստանից, բայց այլևս ոչ՝ նույն համակարգի մեջ գտնվող Ադրբեջանից։ Սենց ասած՝ դուք «ավտորիտար խաղաղություն» (authoritarian peace) եք մուրում։
Ինքնիշխանության իրական վերականգնումը չի կարող սահմանափակվել միայն մեկ ուժային կենտրոնի ազդեցությունից դուրս գալով, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ ավտորիտար համակարգի շանտաժի տակ։
Եթե պետության սահմանադրական կարգը կամ տարածքային ամբողջականությունը դառնում են արտաքին ագրեսորի պարտադրանքի առարկա, ապա մենք գործ ունենք վասալության հետ։ Իրական ինքնիշխանությունը հենվում է սուբյեկտայնության վրա, որը պահանջում է հետևողականություն. չի կարելի լինել «ժողովրդավար» Մոսկվայի ուղղությամբ և «կոլաբորացիոնիստ»՝ Բաքվի։

