Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու մասին, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունները։ Այս աջակցությունը հատկապես կարևոր է ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության ապահովման համար։ ԵՄ-ն ընդգծել է, որ այս միջոցառումը կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և զինված ուժերի փոխգործունակության ընդլայնմանը, ինչը կարևոր է միջազգային առաքելություններին մասնակցելու տեսանկյունից։
Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում այս աջակցությունը ևս մեկ քայլ է ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նշել է, որ այս միջոցառումը ցույց է տալիս ԵՄ-ի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանի դիմակայունությանը, ինչը նպաստում է տարածաշրջանի կայունությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանը նախկինում դիմել էր այս հիմնադրամից աջակցություն ստանալու համար, սակայն Հունգարիան արգելափակել էր այն։ Այժմ, բանակցությունների արդյունքում, Հունգարիան փոխել է իր դիրքորոշումը։

