Եվրահանգրվան

ԵՄ-ում այսօր որոշում կկայացնեն Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ

EUMM in Armenia

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում կքննարկեն և որոշում կկայացնեն Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման վերաբերյալ։

«Ազատության» Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակի հաղորդմամբ, եթե վերջին պահին անակնկալներ չլինեն, դեսպանները հավանություն կտան նախագծին, որով Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կմնա ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Առաքելության կազմը կմնա անփոփոխ՝ բաղկացած 165 միջազգային և 44 հայաստանցի աշխատողներից։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, առաքելության դիտարկման գոտին ընդգրկում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը, ներառյալ Նախիջևանի հատվածը։

Չնայած առաքելության ներկայությանը, դիտորդները խոստովանել են, որ չեն կարող ամբողջությամբ վերահսկել սահմանին տեղի ունեցող բոլոր միջադեպերը՝ հաշվի առնելով տարածքի մեծությունը։ Պարեկային խմբերը նախ այցելում են միջադեպերի վայրերը, այնուհետև իրենց զեկույցները ներկայացնում ԵՄ կենտրոնակայան՝ հիմնվելով բաց աղբյուրների և վստահելի ականատեսների տվյալների վրա։

Բաքուն առաջին իսկ օրվանից ընդդիմացել է առաքելության տեղակայմանը՝ պնդելով, որ եվրոպացի դիտորդները զբաղվում են լրտեսությամբ և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը։ Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս քննադատել են առաքելության առկայությունը, ընդհուպ հայտարարելով, որ դրա դուրսբերումը խաղաղության համաձայնագրի նախապայմաններից մեկն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ