Եվրահանձնաժողովի նոր կազմը հաստատվեց

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը՝ Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի նախագահությամբ: Այս մասին հաղորդում է DW-ն։

Նոյեմբերի 27-ի լիագումար նիստում 461 եվրապատգամավոր հավանություն տվեց նոր եվրահանձնակատարների ցուցակին։ Դեմ քվեարկեց 157 մարդ, ևս 89-ը ձեռնպահ մնաց։

Այսպիսով, Եվրահանձնաժողովի նորացված կազմը կկարողանա դեկտեմբերի 1-ին՝ նախատեսվածից 1 ամիս ուշ, սկսել աշխատանքը։ 61-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյաենը առաջին կինն է Եվրամիության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնում։

Ելույթ ունենալով եվրախորհրդարանականների առջև՝ նա շնորհակալություն հայտնեց իր նախորդին՝ Ժան-Կլոդ Յունկերին՝ նրան անվանելով «մեծ եվրոպացի»։ Նա առաջիկա տարիների կարևորագույն խնդիրներ նշեց կլիմայի պաշտպանությունն ու անալոգայինից թվային ձևաչափի անցումը տարբեր ոլորտներում։

«Իմ ուղերձը պարզ է. եկեք սկսենք աշխատել»,-եզրափակել է նա։

Միևնույն ժամանակ, թափուր է մնում Մեծ Բրիտանիայի եվրահանձնակատարի պաշտոնը։ Լոնդոնը պարտավոր է որևէ մեկին առաջադրել եվրահանձնակատարի պաշտոնում, քանի որ Brexit-ի հերթական հետաձգումից հետո մինչև 2020 թվականի հունվարի վերջ երկիրը նախկինի պես մտնում է ԵՄ կազմի մեջ։ Բայց բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 12-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ դա չի անելու։

Ամենաթարմ