Տեսանյութեր

Արա Այվազյանը վերահաստատել է ՀՀ-ի հավատարմությունը ԵԽ-ի որդեգրած սկզբունքներին

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ.

 

«20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի՝ եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության չափանիշներ սահմանող ամենաարժեքավոր կազմակերպության լիիրավ անդամ:

Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության:

Հայաստանը ճանաչում և գնահատում է այս եզակի կազմակերպության ներդրումը, որն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը:

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության երկու տասնամյակն ակտիվ մասնակցության և անկեղծ համագործակցության շրջան էր։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի՝ կառուցելով ամուր իրավական կամուրջներ կազմակերպության և դրա անդամ երկրների հետ։ 2013 թվականին Հայաստանը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը։

Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում։

Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Վերջերս Արցախում տեղի ունեցած պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Մենք հավատում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը կընդունի այդ մարտահրավերները և իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը:

Մեր անդամակցության 20-ամյակի առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին»,- ասված է ԱԳ նախարարի ուղերձում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ