Այսօր, հունվարի 23-ին, Ազգային ժողովում գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում միայն մեկ հարց է եղել՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստը հրավիրել է առանց հրապարակային պարզաբանման, թե ինչ հարց է քննարկվելու։
ԱԺ-ում հարցը ներկայացրել է ՔՊ–ական պատգամավոր Արուսյան Ջուլհակյանը, ով նշել է, որ գործող Ընտրական օրենսգիրքը չի ապահովում բավարար իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության պարտականության պատշաճ կատարման վերահսկման համար։ Նա ընդգծել է, որ նախագծի ընդունումը հրատապ է, քանի որ 2026-ի հունիսին սպասվում են ընտրական գործընթացներ։
Տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել վաթսունհինգ պատգամավոր, դեմ՝ երկուսը։ “Հայաստան” դաշինքը, որը խորհրդարանական ընդդիմության մի մասն է, բոյկոտել է նիստը, մինչդեռ “Պատիվ ունեմ” խմբակցությունը մասնակցել է քվեարկությանը։
Այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են դիտորդական կազմակերպությունների իրավունքներին, հավատարմագրման կարգերին, ֆինանսավորման բացահայտմանը, ինչպես նաև դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների վարքագծի սահմանափակումներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այս նախաձեռնությունը փորձում են ներկայացնել, թե այն նպատակ ունի բարելավել ընտրական գործընթացների թափանցիկությունը և վստահությունը։

