Հայաստանի Հանրապետությունն իր կողմից վավերացրած միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ պարտավորվում է մշտապես ուշադրություն դարձնել մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը զանգվածային լրատվության միջոցներով:
Այս առումով կարևոր է ընդգծել Հանրային հեռուտառադիոընկերության գործունեությունը, քանի որ այն Հայաստանի Հանրապետության կողմից ընդունած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով պարտավորվում է եթերային ժամանակ տրամադրել ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, ինչպես նաև նրանց լեզուների մասին հաղորդումներ հեռարձակելու համար։
Այժմ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվում են հայերենով հաղորդումներ, որոնք վերաբերում են ազգային փոքրամասնություններին, սակայն նրանց լեզուներով հեռարձակվող հաղորդումներ այս պահին հեռարձակվում են միայն Հանրային ռադիոյոով։ Հանրային ռադիոն ամեն օր հեռարձակում է իրականացնում ազգային փոքրամասնությունների լեզուներով, մասնավորապես՝ եզդիերեն 30 րոպե, ասորերեն՝ 15 րոպե, քրդերեն 30 րոպե, հունարեն 15 րոպե, իսկ ռուսախոս փոքրամասնությունների համար հեռարձակվում է 15 րոպե տևողությամբ հաղորդումներ։
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին ակտիվ լուսաբանում են հասարակական կազմակերպություններն ու նրանց համայնքների կողմից ստեղծված առցանց ԶԼՄ-ները:
Հայաստանում այսօր ազգային փոքրամասնությունների մասին ակտիվ գործունեություն է ծավալում «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Xirat Media նախագծի միջոցով, որն արդեն գործում է 2 տարի։ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության Հանրային կապերի պատասխանատու Սոսե Զաքարյանի խոսքով՝ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ Հայաստանում չկա թվային մեդիա, որը լիարժեք ներկայացնում է ազգային փոքրամասնությունների կյանքն ու խնդիրները, այդիսկ պատճառով ստեղծել են Xirat Media-ն, որը մշտապես անդրադառնում է ազգային փոքրամասնություններին:
«Xirat Media-ն ունի 4 բաժին` մարդու իրավունքներ, փոդքասթներ, հայտնի եզդիների մասին շարք և Xirat լուրեր, ինչպես նաև ռեպորտաժներ ենք պատրաստում փոքրամասնությունների ազգային տոների ու ավանդույթների մասին: Խիրատ լուրերը հրապարակում ենք շաբաթը մեկ անգամ, քանի որ եզդիական համայնքում շատ իրադարձություններ տեղի չեն ունենում, և շաբաթական մեկ հաղորդումը լիովին բավարարում է, որ ներկայացվի ամբողջական տեղեկատվություն»,- նշում է Սոսե Զաքարյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ինչու են լուրերը հրապարակվում միայն հայերենով, չնայած նրան, որ եզդիներն ունեն մայրենի լեզուն պահպանելու խնդիր, Սոսե Զաքարյանն ընդգծեց, որ այս պահին իրենց ռեսուրսները չեն բավարարում, որ լուրերը հեռարձակվեն հայերենով ու եզդիերենով, բացի այդ եզդիները լիարժեք տիրապետում են հայերենին: Կարևոր է նաև,որ հայերը ևս տեղյակ լինեն եզդիական համայնքում տեղի ունեցող իրադարձություններին:
«Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ մեր հասարակական կազմակերպությունը ակտիվ համագործակցում է լրագրողների հետ, և մշտապես պատրաստ է ունեցած տեղեկատվությամբ կիսվել»,- ընդգծում է Սոսե Զաքարյանը:
Զանգվածային լրատվության միջոցներով ազգային փոքրամասնությունների ներկայացվածության մասին զրուցեցինք նաև «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարիա Լազարևայի հետ: Նրա խոսքով` վերջին տարիներին հայկական ԶԼՄ-ները բավական շատ են անդրադառնում ազգային փոքրամասնություններին։
«Համայնքը ղեկավարում եմ 2019 թվականից, և 2019 թվականից մինչ այսօր մշտապես պատրաստվում են ամենատարբեր բովանդակությամբ և ձևաչափի հաղորդումներ, որոնք լուսաբանում են մեր կենցաղը, սովորույթները, ինչու չէ, նաև խնդիրները։ Կրոնի, այսինքն՝ եկեղեցու խնդիրը, օրինակ, անցած հոկտեմբերին լուսաբանվեց Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագրում և բավական մեծ արձագանք ունեցավ։ Հանրային ռադիոն ևս ունի հունարենով լրատվական հաղորդում, որը մեր մայրենին չէ, և այն չեն կրել մեր նախնիները։ Հունարենով այլ հաղորդումներ չկան, և անկեղծ ասած, այս պահին հրատապ կարիք էլ չկա։ Լեզվի առումով նշեմ, որ 18-րդ դարի կեսերին Հայաստան գալով, պոնտացի հույներն իրենց հետ բերել են իրենց պոնտական խոսվածքը, որը զգալիորեն տարբերվում է ժամանակակից հունարենից»,- շեշտում է Մարիա Լազարևան:
Լազարևայի խոսքով` հունական համայնքը սոցցանցերում բավական ակտիվ է, ունեն ֆեյսբուքյան էջ, ինչպես նաև կայք (www.greeks.am), որտեղ պարբերաբար թարմացումներ են լինում իրենց գործունության վերաբերյալ, տեղադրվում են հայտարարություններ և այլ տեսակի նյութեր։ «Ստեղծել ենք նաև եռալեզու «Իլիոս» թերթը, որը տպագրվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և դարձյալ լուսաբանում է Հայաստանի հունական համայնքի կյանքը»,- հավելում է Մարիա Լազարևան:
Ազգային ժողովում Ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոևան 4 ամիս առաջ խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկաման ընթացքում բարձրաձայնել էր ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռուստատեսությամբ հատուկ ծրագրերի հեռարձակման սակավ լինելու խնդրի մասին: Միրզոևան հետաքրքրվել էր, թե արդյոք, այս բացը հեռուստատեսությունում լրացվելու է, և նրա հարցին ի պատասխան ՀՌՀ հանձնաժողովի անդամի թեկնածու Հակոբ Հակոբյանն ընդգծել էր, թե բարձրաձայված խնդիրը շատ հեշտ լուծելի է, և օրինակ բերելով եզդիական համայնքը, Հակոբյանը հավելել էր, որ համայնքը պետք է անպայման հեռուստատեսությամբ ներկայացված լինի:
Թեմայի առնչությամբ կապ հաստատեցինք Հանրային հեռարձակողի խորհուրդ, որտեղից մեզ հայտնեցին, որ առաջիկայում Հանրային հեռուստատեսությամբ եզդիերեն լեզվով հաղորդումների հեռարձակման նախագծի մասին: Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի խոսքով` մինչ այս ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռուստատեսային հաղորդում չի եղել, և այս տարի գործարկվելու է հանրային հեռուստաընկերությամբ եզդիերեն հաղորդում` շաբաթական հաճախականությամբ և կես ժամ տևողությամբ:
«Դեռևս չեմ կարող ասել, թե այն ինչ բովանադակություն կունենա, բայց սկսելու ենք լրատվական հաղորդումներից, որտեղ եզդիերենով ներկայացվելու են Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններ, կարծում եմ կլինեն նաև ճանաչողական և մշակութային բնույթի ռեպորտաժներ»,- նշում է Արա Շիրինյանը:
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ եզդիերեն լեզվի կրողները հեռուստատեսային մասնագետներ չեն, և այդիսկ պատճառով Հայաստանի հանրային ռադիոն գործարկում է փորձարարական ծրագիր` եզդիերենի ուսուցման կենտրոն: Ուսուցումն անվճար է, և ուսուցման ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան դառնալ Հանրային հեռուստատեսության համար պահանջված մասնագիտական կադրեր։
Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքները բավական ակտիվ մեդիագործունեություն են ծավալում, Հանրային ռադիոն կատարում է ստանձնած օրենսդրական պարտավորությունները, իսկ Հանրային հեռուստաընկերությունը բացի հայերենով փոքրամասնություններին վերաբերող հաղորդումներից այս տարվանից կգործակցի ծրագիր, որի արդյունքում հեռուստաընկերությամբ կհեռարձակվի եզդիերեն լեզվով հաղորդումներ:
Հեղինակ` Շողիկ Կակոյան

